7 հուլիս, 2013 14:00

«Խաբել» հանուն անկեղծության

Երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը հունիսի վերջին ներկայացրեց իր նոր աշխատանքը՝ լիամետրաժ խաղարկային «Կաուչոն»։ ՍիվիլՆեթի տաղավարում Լիլիթը պատմել է ֆիլմի, արձագանքների և կինոյի իր տեսլականի մասին։

— Լիլիթ, ե՞րբ ես նկարահանել «Կաուչոն», ինչի՞ մասին է ֆիլմը։

— Նկարահանումները տեղի են ունեցել 2012թ. դեկտեմբերին: Նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ մեկ ամիս, նկարահանումները՝ տասը օր, մոնտաժային և հետմոնտաժային աշխատանքները՝ վեց ամիս: Վերջին շրջանում մեծ լարվածություն կար իմ մոտ՝ որպես ռեժիսորի։ Ֆիլմը կաուչուկի նման խիտ է ստացվել, ես վտանգավոր էի դառնում ժապավենի համար, սկսում էի այն փոխել: Որոշեցի ցուցադրումը կազմակերպել, որպեսզի ինքս ինձ ասեմ՝ վե՛րջ, սա է քո ֆիլմը, և նրա հետ այլևս ոչինչ տեղի չի ունենա։

Ֆիլմը պատմում է երեք երիտասարդ արվեստագետների մասին՝ ռեժիսորի, դերասանի և դերասանուհու, որոնք փորձում են մեր օրերում բեմադրել Վիլյամ Սարոյանի «Պինգ պոնգ խաղացողները»։ Ես միշտ ցանկություն եմ ունեցել նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց այսօր դա շատ թանկ հաճույք է՝ հեղինակային իրավունքների ձեռքբերման առումով։

Որոշեցի, որ իմ հերոսները կարող են բեմադրել, ես էլ նկարեմ նրանց։ Նրանք ֆիլմի ընթացքում խաղ են խաղում՝ խոսում են Սարոյանի դիալոգներով, և ամեն ինչ արվում է այդ դիալոգների միջոցով։ Խաղը կավարտվի միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկը կպարտվի, դուրս կմնա երկխոսությունից։

Ֆիլմում անընդհատ կրկնություն կա՝ նույն դիալոգը կարող է հնչել հազարից ավել անգամ, բայց բոլորովին այլ իմաստով և ձևով։ Իհարկե կինոն պատկերային արվեստ է, բայց ես ուզում էի նաև խոսքը հնչեցնել։

— Այս ֆիլմում կրկին նկարել ես Արսեն Գրիգորյանին, որի հետ չորրորդ անգամ ես աշխատում։ Կարելի՞ է ասել, որ ռեժիսորը գտել է իր դերասանին։

— Ես գիտեմ այն, ինչ այսօր գիտեմ։ Վաղը չգիտեմ՝ ինչ է սպասվում, և ինչ նոր դերասանների հետ կուզենամ աշխատել։ Երբ դու ֆիլմը սկսում ես, և մեկնարկը տրվում է, թիմը սկսում է վազել: Ինձ թվում է՝ ռեժիսորի գործն այն է, որ նա մեջքով վազի, որպեսզի տեսնի իր թիմին իր առաջ։

Արսենի հետ աշխատելիս ես վստահ եմ, որ նա կհուշի, որ իմ հետևում փոս կա: Նա կարողանում է ռեժիսորի հետ նաև այդ կողմից համագործակցել, ինչը զգացել եմ նաև Նազենի Հովհաննիսյանի հետ աշխատելուց: Նա էլ է այդպիսին։ Նա նաև շատ լավ հանդիսատես է, կարողանում է դուրս գալ դերասանի խաղից և զրուցել ֆիլմի մասին այլ տեսանկյունից։

Ֆիլմում երեք դերասան են՝ Մանվել Խաչատրյանը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնից, և Լյուսի Աբդալյանը, որը մասնագիտությամբ նկարչուհի է։ Այս ֆիլմում երեքն էլ հավասար են, երեքն էլ գլխավոր հերոս են, և շատ դժվար էր նրանց մի հարթության վրա պահելը։

Ինձ համար բացահայտում էր Մանվելը։ Թատրոն էի գնացել` ներկայացում դիտելու լրիվ այլ դերասանի համար. Մանվելն էլ էր խաղում, ներկայացումից հետո հասկացա, որ նա արդեն ստացել է այդ դերը։

— Լիլիթ, հարցը կարող է պարզունակ թվալ այլ մասնագիտությունների դեպքում, բայց կինոռեժիսորի պարագայում այն ակտուալ է՝ ինչո՞ւ ես ընտրել այս մասնագիտությունը, եթե կինոն այստեղ այդքան ծանր է ստեղծվում։

— Ես արվեստագետներով շրջապատված եմ մեծացել, մայրս աշխատում էր թատրոնում։ Վերջերս շատ հետաքրքիր փուլ հիշեցի. երբ ես փոքր էի ու անընդհատ նայում էի նույն ներկայացումը, փնտրում էի ինձ համար նոր տեսանկյուն կամ ինչ-որ կետ, որտեղից այդ ներկայացումն ինձ համար նորովի կլիներ։ Եվ ինձ դուր էր գալիս, որ միայն ես եմ ներկայացումը տեսնում այդ անկյունից։

Թատրոնն ինձ չքաշեց, որովհետև կինոն ռեժիսորի էգոն է, ռեժիսորի հայացքը։ Բացի այդ` կինոյում ինձ համար չափազանց կարևոր է պահը, վայրկյանը, որը հավերժանում է, և այդ պահին ունեցած իմ զգացողությունը։

— Քեզ հաջողվում է սեփական գաղափարներ ինչ-որ ձևով հասցնել ավարտին, ինչ-որ քանակությամբ մարդկանց ստիպել հավատալ, որ այդ գաղափարն արժանի է իրականացման։ Ինչպե՞ս է դա ստացվում։

— «Կաուչոն» իմ երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Իսկ լիամետրաժը իր մեջ որոշակի ծավալ և մասշտաբ է պարունակում։ Եթե ես կարողանում եմ համոզել ինձ հետ աշխատող մարդկանց՝ հետևելու ինձ, ինչ-որ ճանապարհ անցնել, դա ինձ համար կարևոր ձեռքբերում է։

Ես կարողանում եմ, կոպիտ ասած, լավ խաբել կամ վարակել։ Եվ եթե այդքանը կարողացել եմ, գուցե հանդիսատեսին էլ ստացվի բերել դրան։ Ինձ համար ամենակարևորը անկեղծությունն է, որին ես գուցե հասնեմ խաբելով։

— «Մոխրամանը» լայն արձագանք ստացավ և բավական հակասական։ Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը, կարծիքներին, և ի՞նչ արձագանք ունի «Կաուչոն»։

— Ինձ համար կարևոր է, որ արձագանքները լինեն անկեղծ։ Երբ դու հանդիսատեսին ներկայացնում ես քո ֆիլմը՝ սպասում ես այդ «հետհարվածին», որ հասկանաս` խոսել ես մարդկանց հետ, թե ոչ։

«Կաուչոյի» դեպքում ես ինչ-որ լռություն եմ զգում. մի քանի օր առաջ է ֆիլմը ցուցադրվել, եթե անգամ մարդիկ ինչ-որ դրական կարծիք են հայտնել, ապա ասել են աֆեկտի ազդեցության տակ։ Ինձ հետաքրքիր է իրական արձագանքը։

— Իսկ ենթադրություններ կա՞ն՝ լռությունն ինչի հետ է կապված։

— Ինձ թվում է, որ լռությունը շատ անկեղծ է։ Եթե ես մի վայրկյան անգամ ֆիլմում սայթաքեի, ու ինձ չհավատային, այդ ժամանակ գուցե բոլորը խոսեին։ Ես դեմ չեմ, թող հանգիստ քննադատեն, բայց ոչ այն պատճառով, որ ինձ շատ են սիրում կամ ատում. թող լինի ֆիլմի մասին, դա շատ կարևոր է։

— Անցյալ տարի Սիրակուզի փառատոնում քո ֆիլմը՝ «Ես եմ»-ը, երեք մրցանակ ստացավ։ Ինչպե՞ս դա անդրադարձավ քո կարիերայի վրա, ինչպե՞ս ես վերաբերվում փառատոներին մասնակցությանը։

— Իմ մեջ այդ երեք մրցանակները ոչինչ չփոխեցին։ Երբ ռեժիսորը մասնակցում է փառատոներին, ավելի շատ պիտի հասցնի շփվել մյուս մասնակիցների հետ։ Եթե անգամ ֆիլմի այդ արձանիկները չեն օգնում քեզ ինչ-որ հետագա կապերի կամ ֆինանսավորում ստանալու համար, ապա ուրախացնում են։

— Նոր ֆիլմ ես պատրաստվում նկարահանել: Ինչի՞ մասին է։

— Հիմա պատրաստի երկու լիամետրաժ ֆիլմի և երկու կարճամետրաժի սցենար կա։ Ես պարզապես սպասում եմ պրոդյուսերի որոշմանը, թե որ ֆիլմն ենք սկսում։ Ամեն ինչ կախված է հնարավորությունից, բայց եթե «Կաուչոյի» լռությունը երկար տևի, այսինքն՝ ֆիլմը իրեն չարդարացնի իր այդ տեսակով, գուցե էլ չհամաձայնեմ ֆիլմ նկարել և որոշ դադար վերցնեմ։

Զրուցել է Մարիա Հովսեփյանը

Տեսանյութը դիտեք այստեղ: