Տրտմաթախիծ գույների քնարերգուն

Ջոտտո, Անուշն ու Սարոն

«Հազարամյա խավարից հետո նա լույս բերեց նկարչություն». կերպարվեստում իտալական Վերածննդի նախահայր համարվող Ջոտտո դի Բոնդոնեի (1266-1337) մասին ասել է Բոկաչիոն։ Լուսաբեր այս խորհուրդը կա նաև «հայկական Ջոտտոյի»՝ գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի (1897-1976) ստեղծագործության մեջ: Ճիշտ է, ի հակառակ իտալացի իր անվանակցի սառը, բայց և պայծառ գույների, մուգ ու թանձր է հայ նկարչի գունապնակը։ Բայց ընդհանուր են նրանց ստեղծագործությունների անկեղծությունն ու պարզությունը, մարդու հանդեպ երկուսի տածած աներեր հավատը և գեղարվեստական զուսպ արտահայտչամիջոցների օգտագործումը։

Տարբեր վարկածներ կան Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտո անունը ստանալու կապակցությամբ։ Իրողությունը, սակայն, այն է, որ առանց այս արվեստագետի անհնար է լիարժեք պատկերացնել 20-րդ դարի հայ կերպարվեստի պատմությունը։ Ծնված լինելով Անդրկովկասի մշակութային մայրաքաղաք Թիֆլիսում՝ նա զգալի դեր խաղաց այսպես կոչված «Թիֆլիսյան դպրոցի» կազմավորման գործում։

Անուրախ մանկություն, դժվար կյանք և ծերություն է ունեցել Գևորգ Գրիգորյանը։ Աշակերտ է եղել «խազեինների» մոտ, նկարել դուքանների պատերին (հետագայում այս ամենը հիշողությամբ պիտի պատկերեր թիֆլիսյան կոլորիտով շնչող «Իմ կյանքը» նկարաշարում)։ Գտնվել են բարի մարդիկ, որոնք, նկատելով օժտված պատանու շնորհքը, օգնել են նրան ստանալ գեղարվեստական կրթություն։

Գեղագիտական հնչեղությամբ և կատարման ոճով միմյանցից անչափ տարբեր են 20-30-ական թվականների և հետագա՝ ավելի ուշ շրջանի աշխատանքները։ Առաջինները դասական արվեստի ոգով արված գործեր են, նկարչի տաղանդի և հասունության իսկական վկայագրեր։ Հիշատակենք անգերազանցելի վարպետությամբ արված «Արտավազդի դիմանկարը», «Չարենցի դիմանկարը»՝ արված 1926թ.։ Ընդհանրապես նրա բոլոր դիմանկարները («Միսաք Մեծարենց», «Վանո Խոջաբեկյան», «Վահան Տերյան», «Փիրոսմանի», «Բալզակ» և այլն) հատկորոշվում են ոչ միայն բնորդի հետ արտաքին նմանությամբ, այլև հոգեբանական ապրումների նուրբ փոխանցմամբ ու ներքին դրամատիզմով։

Ջոտտո-Գրիգորյանի նախասիրած նկարչական ժանրը նատյուրմորտն է եղել: Նրա այդ գործերում հաղթահարված է քարացածությունը, որ ենթադրաբար պարտադիր է այդ ժանրին պատկանող աշխատանքների համար։ Ավելին՝ նրա նատյուրմորտներում պատկերված իրերը՝ բաժակներ, սկահակներ, շշեր, շնորհիվ իրենց դասավորության և եզրագծերի շեշտվածության, կարծեք շարժման մեջ լինեն։

1962թ. 65-ամյա նկարիչն ընտանիքով տեղափոխվել է Երևան, որի շնորհիվ հայրենասիրական ու զգացական նոր լիցք է ստացել նրա ներկապնակը: Դա երևում է հատկապես Կոմիտասի կյանքի տարբեր դրվագները պատկերող նկարներում, որոնց նայելիս սարսուռ է անցնում մարմնովդ: Աննկարագրելի ներգործության ուժ ունեն դրանք, և մեր ժողովրդի թե՛ անցյալի, թե՛ ներկա տխուր ճակատագրի թանձրացած արտահայտություններ են։

Բարեբախտաբար, հայկական Ջոտտոյի այս ու մյուս գործերն այսօր մեկտեղված և մեծ խնամքով ցուցադրվում են Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի առաջին երկու հարկաբաժինները զբաղեցնող արվեստանոց-թանգարանում, որը բացվեց նկարչի մահից անմիջապես հետո այրու՝ Դիանա Ուկլեբայի և մի խումբ արվեստագետների նախաձեռնությամբ։ Դրա լուռ ու հանդիսավոր սրահներում կարելի է տեսնել նրա՝ մեկը մյուսից ավելի խոր ու խորհրդավոր գործերը և թերևս ամենահայտնի աշխատանքը՝ 1928թ. վրձնած «Ռեքվիեմը», որի և՛ թեման, և՛ կատարման ոճը զարգացված են հետագա շրջանի նկարներում։

Լինելով Ջոտտոյի թանգարանում՝ ակամա մտաբերեցի քսանամյա վաղեմության առաջին այցս արվեստի այդ օջախ, երբ մուտքի մոտ մեզ դիմավորեց նկարչի 80-ամյա կինը։ Դիանա Ուկլեբան մանրամասն պատմեց ամուսնու վրձնած կտավների մասին՝ մեկ առ մեկ նկարագրելով դրանց ստեղծման պատմությունը։

Պարզվում է՝ մղձավանջային 1937թ. շատ նկարներ է ոչնչացրել հեղինակը, և միայն կնոջ անձնվեր ջանքերի շնորհիվ են փրկել դրանցից շատերը։ Ահա, օրինակ, այս մեկը՝ որմնանկարի սքանչելի նախանկարը, որ բուժած իր վերքերը՝ այսօր պահվում է ապակու տակ։ Թե չլիներ վրացուհի այդ կնոջ անմնացորդ սերն ու երկյուղածության հասնող վերաբերմունքն իր արվեստագետ ամուսնու և նրա արած գործի հանդեպ, երևի մենք այսօր չունենայինք այս ամբողջ հարստությունը։ Հայ նկարչի անհաշիվ հիվանդ օրերի պահապան հրեշտակն է եղել Դիանան, որին նա «փոխադարձել է»՝ ստեղծելով ազնվության և նվիրվածության ընդգծված դրոշմը կրող դիմանկարների մի շարք։

Զավակներ չեն ունեցել նրանք. այդպիսիք նրանց համար եղել են իրենց նկարները։ Երևի դա է պատճառներից մեկն այն սակավ հանդիպող երևույթի, երբ ողջ կյանքում ոչ մի նկար չեն վաճառել։ Ապրել են դժվարությամբ, բայց չեն կամեցել բաժանվել իրենց հոգեզավակներից: Դրանցում գերիշխողը լուսավոր թախծի տրամադրությունն է, որ անմիջապես համակում է դիտողին։ Ով մեկ անգամ տեսել է Ջոտտոյի նկարները, երբեք չի մոռանա դրանք։

… Անվերջ պատմում էր Ջոտտոյի այրին, պատմում առանց հոգնության։ Ուշագրավն այն էր, որ յուրաքանչյուր բառից հորդում էր սերն ու նվիրումն առ իր արժանահիշատակ ամուսինը: Արվեստի (հայ, թե համաշխարհային) պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ մեկն սկսել է լրջորեն զբաղվել արվեստի միաժամանակ երկու տեսակներով արդեն առաջացած տարիքում և նկատելի հաջողությունների հասել երկու ասպարեզներում էլ։ Նկարիչ ամուսնու մահից հետո միայն, երբ Դիանան արդեն 68 տարեկան էր, վրձինն առավ ձեռքը և վերհիշելով տասնամյակներ առաջ իր ստացած կրթությունը՝ սկսեց նկարել։ Նկարում էր բնությունը, ամուսնուն: «Վերջին հայացքը» նկարում, ստեղծված ամուսնու մահից հինգ տարի անց, նա Ջոտտոյին պատկերել է հիշողությամբ: Այս և Դիանա Ուկլեբայի մի քանի այլ կտավներ ցուցադրվում են թանգարանի առանձին սրահներից մեկում։ Նայում ես այդ գործերը, կարդում «Մեր սերը՝ անմար կանթեղ» վերնագրով նրա հեղինակած ժողովածուի բանաստեղծությունները և խոնարհվում այդ մեծ սիրո առաջ։ Դրանցում բանաստեղծ նկարչուհին պատմում է «լռություն հագած» իր մենության, «անձայն հեռացած» ամուսնու հանդեպ տածած անթաքույց սիրո վերհուշների մասին։

Չգիտես ինչու, իսկական սիրո ու հավատարմության օրինակները մենք պեղում ենք դարերի խորքում և համաշխարհային արվեստի տարեգրության մեջ։ Մինչդեռ մեր օրերում և մեր կողքին էլ են հյուսվում նման պատմություններ։ Անձնական-ստեղծագործական նման ներդաշնակության մասին կա արդեն վավերագրական կինոնկար, գրվել են նաև առանձին էջեր, բայց թվում է, թե անօրինակ այս սիրո պատմագիրը դեռ պիտի գա։ 

Լևոն Լաճիկյան,

արվեստաբան

Մեկնաբանել