ԱՄՆ դեսպանը նախապատրաստում է Օբամայի այցը Ռուսաստան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը նախապատրաստում է իր երկրի նախագահ Բարաք Օբամայի այցը Ռուսաստան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Զբաղված եմ նախագահ Օբամայի` սեպտեմբերին Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցով: Շատ եմ սպասում այդ այցին», – Twitter-ում գրել է դեսպանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարաք Օբաման ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատճառով, որը գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, կարող է չեղյալ հայտարարել իր ռուսաստանյան այցը, ճիշտ է, մեկ վերապահումով` եթե մինչ այդ Սնոուդենը շարունակի մնալ Մոսկվայի օդանավակայանում:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպման չեղյալ հայտարարման մասին տեղեկություն չի ստացել: Նախատեսվում է, որ Սանկտ Պետերբուրգում «Մեծ քսանյակի» հանդիպման նախաշեմին Բարաք Օբաման կհանդիպի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Էդվարդ Սնոուդենը հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղից քաղաքական ապաստանի հարցումով դիմել է 21 երկրների: Դրանցից շատերը նրան մերժումով են պատասխանել:

Մեկնաբանել