10 հուլիս, 2013 23:27

«Ազատություն»-ում ես մեկնաբանելու ազատություն չունեի. զրույց լրագրողի հետ

Երբ ես աշխատում էի «Ազատություն»-ում, ես մեկնաբանելու ազատություն չունեի. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Աղասի Ենոքյանը՝ հրաժարվելով բացել փակագծերը և համաձայնելով, որ «Ազատություն»-ից դուրս գալով՝ վերագտել է իր խոսքի, մեկնաբանելու ազատությունը:

Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել երկու մարդ՝ նա նշեց, որ գործի բացահայտումը քաղաքական որոշման հարց է: «Եթե իրավիճակը հանդարտ գնա, հնարավոր է, որ իրավական գործընթաց լինի և պատժվի մեղավորը: Բայց հնարավոր տարբերակ է քաղաքական առևտուրը. մենք քեզ գործից հանում ենք, բայց չես պատժվում»,- նշեց նա:

Կոռուպցիան վերացնելու ռազմավարության մասին խոսելով՝ Ենոքյանը նշեց, որ այն պետք է իրականացնել ոլորտ առ ոլորտ. խնդիր է նաև այն, որ հասարակությունը կոռուպցիան վերացնելու պահանջ չի դնում: «Մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց երբ ինձ կամ ձեզ կանգնեցնում է ոստիկանը, մեզ ավելի հարմար է նրան գումար տալ, քան վերցնել այդ թուղթը, գնալ, վճարել խախտման համար կրկնակի»,- նշեց նա:

«Ասոցացման համաձայնագիրը, որ 1400 էջանոց փաստաթուղթ է, ստարագրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից, բայց որևէ ՀՀ քաղաքացի չգիտի, թե իրականում այնտեղ ինչ կա: Ինչ որ բլոկ կա, որ ասենք, վերաբերում է վիզային ռեժիմի դյուրացմանը, բայց ընդհանուր առմամբ, դա չի հանրայնացվում: Սա խնդիր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման պարագայում Ռուսաստանի հետ համագործակցությանն այն հակադրելը միայն սիմվոլների պայքար է դառնում, քանի որ խորության մեջ ոչինչ քաղաքացիներին հայտնի չէ: Իսկ Ռուսաստանն, ըստ նրա, արդեն իսկ ամեն ինչ մեզանից վերցրել է, Արցախյան հիմնախնդիրն էլ պահում է որպես լծակ իր ձեռքում, որով Ադրբեջանի վրա է ազդում:

Լուսանկարը՝ Aravot.am-ի