Ոխերիմ դաշնակիցը

Հայաստանը մտել է եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ և նոյեմբերին պատրաստվում է Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը,սակայն Երևանի վրա ակնհայտ ճնշումներ կան մտնելու Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների մեջ: Սերժ Սարգսյանը հռչակել է «և-և»-ի սկզբունքը, սակայն Եվրոպան ասում է, որ Հայաստանը պետք է ընտրի «կամ-կամ»-ի սկզբունքը:

Գնալով ակնհայտ է դառնում, որ ներկա իրավիճակում «և-և»-ի սկզբունքը աշխատող չէ: Արևմուտքը և հատկապես Ռուսաստանը տարատեսակ գործիքների միջոցով փորձում են Հայաստանին պահել իրենց վերահսկողության ներքո: Ռազմավարական գործընկեր Ռուսաստանը այս առումով աշխատում է բավական կոշտ և գործիքների մեջ գրեթե տարբերություն չի դնում: Նա նախ Հայաստանի դեմ կիրառեց գազային մահակը, այնուհետև մոտ 1 միլիարդ դոլար հարձակողական զենք ու զինամթերք վաճառեց իր դաշնակիցը համարվող Հայաստանին ամեն օր ոչնչացնել սպառնացող Ադրբեջանին:

Ռուսաստանի կողմից այժմ էլ սկսվել են ինֆորմացիոն հարձակումները: Հուլիսի 8-ին Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Evrazesnews.ru կայքին տված հարցազրույցում ասել է. «Ձևով Հայաստանը մնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարողի դիրքերում: Սա հաստատել է Սերժ Սարգսյանը, երբ վերջերս Վարշավայում հայտարարեց. «Մենք երբեք քայլեր չենք արել, որոնք կարող էին ուղղվել ընդդեմ Ռուսաստանի: Մենք բարեկամ ազգեր ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ»: Այնուամենայնիվ, ստացվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններն ունեն սահմաններ: Եվրոպական երկրները Հայաստանին առաջարկում են կողմնորոշվել «հանուն ավելիի (եվրոպական արժեքների ընկալում)՝ ավելին (աջակցություն)» ձևաչափով: Այս առումով կուզենայի հարց տալ՝ գոնե վերջին տարիներին ի՞նչ իրական օգնություն է ցուցաբերել ԵՄ-ն Հայաստանին` բացի խորհուրդներից ու ապագայի մասին շփումներից: Իր խնայատուփում հավաքելով եվրոպական արժեքները՝ Հայաստանը, ինչպես երևում է, կարող է կանգնել սայթաքուն ճանապարհի վրա: Չէ՞ որ դեռ հնուց ասել են՝ դժոխք տանող ճանապարհը ակոսված է բարի մտադրություններով»:

Փաստացի նախկին դեսպանն ակնարկում է, որ Եվրոպան ոչինչ չունի Հայաստանին տալու, և պետք չէ ձգտել դեպի Եվրոպա: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանին շատ բան ունի տալու, և Ադրբեջանին զենքի վաճառքը հենց այդ տրամաբանության մեջ է: Այսինքն՝ ռուսական կողմը առանց սեթևեթելու հայտարարում է. «Ուզո՞ւմ եք եվրոպական արժեքներ, գնացեք Եվրոպա, սակայն այնտեղ որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ ձեզ կպաշտպանի ռուսական «Սմերչներից», ուստի Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի ձեռքերում է, և դուք փախչելու տեղ չունեք»:

Մեկնաբանել