11 հուլիս, 2013 13:32

Փոքր գյուղի մեծ մարտահրավերը

Երեկ կառավարությունն իր նիստում հաստատել է Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավարի աշխատանքից ազատելու որոշումը՝ նրա դիմումի համաձայն: Նրա հրաժարականը պաշտոնապես պատճառաբանվում է խնդիրներով: Իսկ ոչ պաշտոնապես Գագիկ Վահրադյանը, իր տղայի հավաստիացումների համաձայն, պարզապես հիասթափված է ներկայիս կառավարությունից և պարզապես արտագաղթել է Հայաստանից:

Հայաստանում, մասնավորապես Շիրակի մարզում գյուղապետների արտագաղթը կարծես կանոնավոր է սկսում դառնալ: Ավելի վաղ վաղաժամ դադարեցնելով համայնքապետի լիազորությունները՝ արտագաղթել էր Բայանդուր համայնքի ղեկավար Հովագիմ Սարգսյանը՝ իր ընտանիքի հետ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամենաաղքատ մարզերից մեկը համարվող Շիրակի մարզում գյուղապետների արտագաղթը վկայում է այն մասին, որ գյուղական շատ համայնքների գոյությունը պարզապես վտանգված է, իսկ կառավարությունն այս առումով որևէ քայլ չի անում իրավիճակը փրկելու համար: Ավելին, ըստ Կարմրաքարի արտագաղթած գյուղապետ Գագիկ Վահրադյանի, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2008թ. մայիսի 19-ին կառավարության առաջարկած փոփոխությունն ըստ էության նպաստում է փոքր համայնքների ոչնչացմանը և բնակչության արտագաղթին:

Դեռ 2012թ. Կարմրաքարի նախկին համայնքապետը Hetq.am-ի հետ զրույցում ասել էր. «Կարմրաքարում հարկատու են մնում հինգ սեփականատեր, սեփական եկամուտներս 365 հազար դրամից կրճատվում է մինչև 105 հազար դրամի: Անհասկանալի մի գործընթաց է սկսվել, որ մսաղացի նման սաղիս առել է բերանն ու աղում է՝ մեծ թե փոքր: Լավ, որոշումը կայացրին, բայց մի՞թե չկային մարդիկ, որ ասեին՝ հլը սպասեք, բերեք մի հատ վերլուծենք, հասկանանք, թե արդյունքում ինչ ենք ունենալու: Ես չորս տարի է՝ էս մասին բարձրաձայնում եմ, նամակներ գրում, իսկ ինձ մարզպետարանից ասում են՝ Վահրադյան, կառավարության որոշումները չեն քննարկում, այլ կատարում են: Բա եղա՞վ: Չէ՞ որ էդ որոշումները գյուղացին իրա մաշկի վրա ավելի լավ է զգում, քան կայացնողը»:

Այսինքն՝ կառավարությունը տարիներ շարունակ հետևողականորեն տեղեկացվել է, որ գյուղերի նկատմամբ իր վարած քաղաքականությունը պարզապես կործանարար է, բայց այդ քաղաքականությունը որևէ էական փոփոխություն չի կրել: Եթե այս ամենին գումարում ենք նաև այն հանգամանքը, որ մարզերի գյուղական համայնքները չունեն առողջ ենթակառուցվածքներ ու գրեթե զրկված են պետական աջակցությունից, ապա կարելի է ենթադրել, որ առաջիկայում արտագաղթի տեմպերը հատկապես գյուղական բնակավայրերից ավելի վտանգավոր են դառնալու:

Փոքր գյուղական համայնքներից արտագաղթում են ոչ թե խոշոր գյուղական համայնքներ ու քաղաքներ, այլ արտերկիր:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: