Առանց ամբիցիաների զինվորականությունը վտանգավոր է

Ժամանակին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, և ինքը՝ որպես քաղաքական ֆիգուր, ներկայացնում էր բանակի շահերը քաղաքական դաշտում: Ժամանակի ընթացքում բանակի ազդեցությունը քաղաքական որոշումների ընդունման վրա անընդհատ կրճատվեց, ինչը մասամբ փոխհատուցվեց համեմատաբար բարձր աշխատավարձերի սահմանմամբ և սպաների համար քիչ թե շատ բարեկեցիկ պայմանների ապահովմամբ՝ զինվորական կրթություն չունեցող սպաներին բանակից աստիճանաբար դուրս մղելով: Ռազմական բուհեր ավարտածները, որպես կանոն, հակված են անվերապահորեն կատարելու բարձր հրամանատարության հրամանները: Վերջին տարիներին բարձր հրամանատարական պաշտոնները նույնպես զբաղեցրին քաղաքական ամբիցիաներ չունեցող զինվորականներ: Միևնույն ժամանակ, իշխանության եկած թիմը կարողանում է տարբեր լուծումներ գտնել ճգնաժամային վիճակներում՝ հանգստացնելու կամ չեզոքացնելու տարբեր հեղինակավոր զինվորականների:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ բանակը նույնիսկ իր պատիվը չի կարողանում պաշտպանել: Վահե Ավետյանի սպանությունը, մահափորձը Արտակ Բուդաղյանի դեմ, բանակի հրամանատարության և պաշտպանության նախարարի անկարողությունը պատասխանատվության ենթարկել մեղավորներին ցույց են տալիս, որ բանակի պատիվն ընդհանրապես իշխանություններին չի հետաքրքրում:

Մյուս կողմից՝ բանակում առկա խնդիրների, մահերի վերաբերյալ հասարակական ակտիվությանը սխալ արձագանքելը, ակտիվիստների կողմից շատ հաճախ ոչ մասնագիտական քննադատությունը բերում են հասարակության մեջ բանակի կերպարի վնասմանը:

ՀՀ քաղաքական իշխանությունները հստակ ընտրություն են կատարել՝ կոնֆլիկտային վիճակներում կանգնելու են օլիգարխիայի և պաշտոններ զբաղեցնող քրեական տարրերի կողքին, ոչ մի կերպ չեն դիպչելու նրանց շահերին: Իսկ զինվորականությունը պարտավոր է հետևել քաղաքական ղեկավարության հրահանգներին, այսինքն՝ կուլ տալ սեփական սպաների սպանությունը, մոռանալ պատիվը, ենթարկվել սպայական արժանապատվությանը խորթ երևույթներին: Այս հակամարտության մեջ լավագույն ելքն այն կլիներ, որ աշխատեր արդարադատությունը, և նրա որոշումներն ընդունելի լինեին կողմերի համար: Սպանելով արդարադատությունը՝ ՀՀ իշխանություններն իրենց զրկում են նման բարդ վիճակներում անկորուստ դուրս գալու հնարավորությունից: Այդ եղանակով նրանք իրենցից օտարում են բանակը:

Հայ բանակի սպան իրեն ապահով չի զգում իր իսկ իշխանավորներից կամ նրանց շրջապատից: Ու ստացվել է այնպես, որ մեր իսկ անվտանգության երաշխավորը՝ հայոց բանակը, կրկնակի օտարվում է: Օտարվում է հասարակությունից, օտարվում է իշխանություններից: Սա ամենասարսափելին է, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանում: Այս վիճակից դուրս գալու միակ ելքը բանակի պատվի վերականգնումն է, ինչը հնարավոր է միայն սպայակազմի կողմից: Մեծ քաղաքական ամբիցիաներով զինվորականությունը վտանգավոր է, սակայն առավել վտանգավոր է ոչ մի ամբիցիա չունեցող զինվորականությունը: Կա՛մ պետք է փորձել վերականգնել պատիվը, կա՛մ էլ դառնալ որևէ քրեածին ֆեոդալի հերթական զոհը:

Մեկնաբանել