Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ քրդական Firat գործակալության` հունիսի 30-ից հուլիսի 5-ը Իրաքում PKK-ի (կառույցն այժմ հանդես է գալիս KONGRA GEL` Քրդստանի ժողովրդի կոնգրես անվամբ) 9-րդ ընդհանուր ժողովը միաձայն Քրդստանի համայնքների միության (KCK) ղեկավար է վերընտրել Աբդուլլահ Օջալանին:
Թուրքիայում մեծ հետաքրքրություն է առաջացրել այն, որ վերջին շրջանում PKK-ի փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանը լքել է KCK-ի ղեկավարի պաշտոնը: Քարայըլանը զբաղեցրել է PKK-ի ռազմական թևի` Ժողովրդական պաշտպանական ուժերի հրամանատարի պաշտոնը:
Քարայըլանիփոխարեն KCK-ի ղեկավարներ են դարձել Ջեմիլ Բայըքը և Բեսե Հոզաթը: Թուրքական Zaman-ը գրում է, որ Ջեմիլ Բայըքի հայտնվել PKK-ի փաստացի ղեկավարի պաշտոնում կարող է խոչընդոտել թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Բայըքը միշտ համարվել է PKK-ի ավանդական քաղաքականության պաշտպանը և սերտ հարաբերություններ ունի Իրանի և Սիրիայի հետ: