Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում են ԼՂՀ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային և իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Բակո Սահակյանն իր խոսքում կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու և երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման և երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել