Գերմանիան €30 հազ. օգնություն կտրամադրի սիրիահայերին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:

Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրել է ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, կեցության կարգավիճակին վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հրանուշ Հակոբյանը նշել է, որ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ֆինանսական միջոցները համալրելու նպատակով նախարարությունը եվրոպական գործընկերների աջակցությունն է ակնկալում:

Ռայներ Մորելը ևս արտահայտել է իր մտահոգությունը Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և անդրադառնալով սիրիահայերի աջակցության խնդրին՝ ներկայացրել է, որ գերմանական իշխանությունները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով սիրիահայերին €20 հազ. օգնություն են տրամադրել: Առաջիկայում նախատեսվում է ևս €30 հազ-ի օգնություն տրամադրել: Սիրիահայերի կարիքները ճիշտ գնահատելու և սիրիահայերին տրամադրվող օգնությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ:

Մեկնաբանել