Այսօր Երևանում տասնյակ ակտիվիստներ թռուցիկներ էին բաժանում՝ քաղաքացիներին կոչ անելով քաղաքային տրանսպորտից օգտվելիս նախկինի նման վճարել 100 դրամ, ոչ թե քաղաքապետարանի սահմանած նոր սակագինը՝ 150 դրամը: Ակտիվիստները թռուցիկներ էին կպցրել կանգառներում, մեծ տառերով գրել էին «100 դրամ» ավոտբուսների կանգառների դիմաց:
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ երթուղայինների գծատերերը իրականում սակագնի բարձրացումից ցանկանում են գերշահույթներ ստանալ: Գծատերերի թվում նրանք նշում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանի և գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունները:
Մի շարք ակտիվիստներ տարվել էին ոստիկանություն:
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ հուլիսի 20-ից քաղաքում երթուղային տրանսպորտի և ավտոբուսների սակագինը 100 դրամից բարձրացել է 150 դրամ: