Աստծո հանրապետականացումը

Առ այսօր պարզ չէ, թե ինչ վերաբերմունք ունի կաթողիկոսը օֆշորային սկանդալում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի ներգրավվածության մասին։

Մեր եկեղեցին հասարակության հետևից չի հասցնում: Ավելին, եկեղեցին մեր իշխանություններից վատ է հասկանում, որ այս երկրում իրավիճակ է փոխվել։ Իրենով հասարակությունը հետաքրքրվում է ոչ թե, որ Աստծո հետ կիսվելիք ունի, այլ որ եկեղեցական տնտեսության մեջ ներդրում է անում իր հավատի գյորա՝ մոմ է գնում, գրքեր է գնում, հրավիրում է հուղարկավորությունների, որոնց համար վճարում է, հարսանիքին խաչ է համբուրում ու փող է թողնում։ Այլ խոսքով, Աստծո հանդեպ հավատի անունից եկեղեցականների տեղն է ապահովում այս արևի տակ։ Այսինքն, հասարակությունը չի ուզում, որ այդ հարաբերությունը լինի միակողմանի՝ ինքը վստահի եկեղեցուն, իսկ եկեղեցին աշխատի իր թիկունքում։

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործունեության շուրջ բարձրացած աղմուկը հասարակության վստահության չարաշահման շարքից է։ Նույն շարքից է նաև արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ Հակոբ քահանա Խաչատրյանի պաշտոնանկության շուրջ բարձրացված աղմուկը։ Մարդիկ ի՞նչ են ասում։ Նրանք ասում են՝ թույլ չենք տա իշխանությունների հետ քո կրոնական սիլի-բիլիով մեզ ֆռռացնես մատներիդ վրա, մենք տեսնում ենք, որ հավատն էլ է հանրապետականացել այս երկրում։ Հասարակությունն ասում է, որ շատ բան կարող է թույլ տալ եկեղեցուն, բայց Աստծո հանրապետականացումը ոչ մեկի պլանների մեջ չի մտնում։ Հասարակությունն ի գիտություն էր ընդունել անկախությունից հետո Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցու գերաշնորհ դիրքը մեր պետության մեջ։ Վիկիպեդիայում Հայաստանի մասին էջում առանձին բաժին ունի Հայ Առաքելական եկեղեցին։ Նույն Վիկիպեդիայում Հայ Առաքելական եկեղեցին առանձին էջ է, մոտավորապես նույնքան մանրամասն, որքան Հայաստանի մասին էջը, որտեղ բաժին ունի ՀԱԵ-ն։

21-րդ դարում խաղի կանոններ են փոխվել։ Այդ կանոններից առաջինն ասում է՝ եղբայր, այսուհետ խաղալու ենք բաց, մեկս մյուսից ոչինչ չպետք է թաքցնի։ Առ այսօր պարզ չէ, թե ինչ վերաբերմունք ունի կաթողիկոսը օֆշորային սկանդալում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի ներգրավվածության մասին։ Առ այսօր պարզ չէ, թե ինչ վերաբերմունք ունի կաթողիկոսը հանրապետականի դեմքով իրականացվող պետական բեսպրեդելի մասին։ Մենք չգիտենք մեր եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը շքեղության մասին։ Հիմա տեսեք, բոլոր այս հարցերի մասին հայտնի չէ մեկ էլ նախագահի աթոռն զբաղեցրած Սերժ Սարգսյանի վերաբերմունքը։ Ինչու՞։ Որովհետև այս մարդկանց առնվազն կողքից ասել են՝ ծանր տեղներդ մի թեթևացրեք։ Սերժ Սարգսյանը, դիցուք, լրագրողներին մեղադրեց Հայաստան պետությունից քաղաքացիների արտագաղթի համար։ Կաթողիկոսը կրկին ձայն չհանեց։ Այստեղ պարզաբանման կարիք կա՝ ինչու՞ եկեղեցին չի դատապարտում արտագաղթը։ Որովհետև մի պետության պետության մեջ մարդը միաժամանակ հավատացյալ է և քաղաքացի։ Ինքը չի կարող երկատվել։ Եթե քաղաքացին արտագաղթում է պետությունից, դա չի նշանակում, որ նա արտագաղթում է եկեղեցուց։ Ահա ինչու եկեղեցին չի դատապարտում արտագաղթը, ինքը, որպես կրոնական կառույց կա և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում, և Ավստրալիայում և Ֆրանսիայում։ Ամենուր եկեղեցին կա, այսինքն, արտագաղթից ինքը կորցնելիք չունի, կորցնողը Հայաստանն է։ Ի՞նչ գիտենք մենք կաթողիկոսի արտասահմանյան այցերի մասին, դրանց համար տրվող գումարները հաստատ Աստծուց չեն, հավատացյալներից են։ Ի՞նչ գիտենք մենք Սերժ Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունների մասին։ Կրկին ոչինչ։ Քաղաքացիականության աղմուկը դեռ այդքան բարձրաձայն չէ, որպեսզի այս մարդիկ հաշիվ տան նաև իրենց շրջագայությունների համար։ Ենթադրում եմ, որ այդ օրն էլ կգա։

Այսօր եկեղեցին որևէ վերաբերմունք չի արտահայտում խորացող տնտեսական ճգնաժամի մասին։ Ինքը գիտի, որ կրոնական այլ կառույցները հենց սոցիալապես վատ վիճակում գտնվողների հետ են աշխատում։ Այսինքն, հասկացել է, որ իր կենսունակության համար երկու ճանապարհ կա՝ պետական օլիգարխիան և աղքատությունը, օլիգարխան որպես փողի աղբյուր, աղքատները որպես հոտ։ Հաջորդ քայլն անկասկած կրոնական այլ կառույցների գործը մեր երկրում դժվարացնելն է։ Սա արդեն իսկապես հավատի ազդեցության բաշխման ոլորտից է, որտեղ մինչև ուղն ու ծուծը քաղաքացիականության մեջ թաթախված մարդը պիտի ասելիք չունենա։ Մի բան հստակ է՝ միջամտության չենթարկված ուռուցքը իր գործը կանի, եկեղեցին պետք է մտածի բարեփոխման քիմիոթերապիան անցնելու մասին։

Մեկնաբանել