Քեմբրիջի դքսուհի Քեյթը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռ արքայազն Ուիլյամի կինը, որդի է ունեցել, հաղորդում է BBC-ն։
Երեխայի քաշը 3,8 կգ է։
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկը կկրի Քեմբրիջի արքայզն տիտղոսը, նա կդառնա բրիտանական գահի երրորդ ժառանգորդը։
Նորածնի անունը կհայտարարվի ավելի ուշ։
Արքայազն Ուիլյամը ներկա է եղել ծննդաբերությանը և ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ ինքն ու կինը «երջանկության գագթնակետին են»։
Թագավորական ընտանիքի անունից տարածված հայտարարությունում ասված է, որ «թագուհին, Էդինբուրգի դուքսը, Ուելսի արքայազնը, Քոռնուելի դքսուհին, արքայազն Հարին ու երկու ընտանիքների [Վինձորների և Միդլթոնների] անդամները տեղեկացվել են երեխայի ծննդյան մասին և չափազանց ուրախ են այս լուրի կապակցությամբ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Twitter-ի իր էջում գրել է․ «Ես շատ ուրախ եմ դքսի և դքսուհու համար, որոնք որդի են ունեցել։ Այս իրադարձությունը կտոնի ամբողջ երկիրը։ Նրանք հիանալի ծնողներ կլինեն»։
Ավելի ուշ նա հայտարարություն է տարածել, որում թագավորական երեխայի ծնունդն անվանել է «կարևոր պահ ազգի կյանքում, բայց նախևառաջ՝ հրաշալի պահ հիանալի ու սիրող ամուսինների կյանքում»։
«Հպարտ ազգը տոնում է հպարտ և երջանիկ ծնողների հետ միասին»,- հավելել է Քեմերոնը։
Բուքինհեմյան պալատի մոտ հավաքված մարդկանց բազմությունը թագավորական ժառանգորդի ծնվելու մասին լուրն ընդունել է ուրախ բացականչություններով։