Տ.Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:

Կողմերն առանձնակի կարևորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացումը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար:

Մեկնաբանել