Տապալել «Նաիրիտը» հերթական անգամ

Ոլորտում համակարգաստեղծ «Նաիրիտ գործարանի» վերակառուցումն ու գործարկումը կախված է լինելու նրանից, թե երբ հայտնի կդառնա նախկին քիմիական հսկայի կառավարիչ-օպերատորը։

Հայաստանի գազաքիմիական ճյուղի, մասնավորապես «Նաիրիտ գործարանի» վերակառուցումն ու վերագործարկումը կարծես տապալվել է։ Կառավարությունը դեռ 2011թ. սեպտեմբերին հաստատել է «ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը», ըստ որի՝ մինչև այս տարվա հուլիսի վերջ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է մշակեր միջոցառումների ցանկ՝ ուղղված «Նաիրիտի» արդիականացմանն ու անվտանգության բարձրացմանը։ Աշխատանքներ իրականում չեն իրականացվել, ինչի մասին վկայում է նախարարության կողմից կառավարության հուլիսի 25-ի նիստի հաստատման ներկայացված որոշման նախագիծը։

Այսպես՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն առաջարկում է փոխել 2011թ. ծրագրում ամրագրված ժամկետները, դրանք փոխարինել «նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով։ Նոր ձևակերպումն անորոշ է և թույլ չի տալիս հասկանալ, թե կոնկրետ ինչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերազինման աշխատանքները։

Ծրագրում փոփոխություններ կատարելու հիմնավորում նախարարությունը նշել է, որ «գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի միջոցառումների իրականացման մի շարք կետերի կատարումը պայմանավորված է համակարգաստեղծ («Նաիրիտ գործարան») կազմակերպության նոր օպերատորի առկայությամբ, իրավական ակտով նախատեսվում է կարգավորել այդ կետերի կատարման ժամկետները՝ կապելով այն նոր օպերատորի ընտրության հետ»։

Իրականում այս ծրագիրը տապալված է։ 2011թ. ենթադրվում էր, որ ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի $400 մլն, միջոցները ներգրավելու էին հիմնականում ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից։ Գումարներն ուղղվելու էին «ճյուղի համակարգաստեղծ «Նաիրիտ գործարան» կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ենթակառուցվածքային օբյեկտների և արտադրական հզորությունների վերականգնման առաջնահերթ միջոցառումների իրականացմանը», ինչպես նաև գործարանի ֆինանսական առողջացմանը։

Ծրագիրը պատրաստվել է հենց ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։ Այսօր արդեն իսկ պարզ է, որ հիմնադրամը Հայաստանին միջոցներ չի հատկացնի։ Մյուս կողմից, թեև ծրագրի հաստատումից շուրջ երկու տարի է անցել, կառավարությանն այդպես էլ չի հաջողվել գտնել գործարանի կառավարման օպերատոր, ինչը նույնպես պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։

Այսպես՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը» 2011թ. հայտարարեց, որ հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը։ Ընկերությունը բրիտանական Jacobs Consultancy Limited-ին պատվիրեց անգամ գործարանում աուդիտի իրականացումը, որի նախնական արդյունքները ստացավ անցած տարի։ Անգամ ոչ պաշտոնական հայտարարություններ էին հնչում, թե ռուսական ընկերության և կառավարության միջև շուտով ձեռք կբերվի սկզբունքային համաձայնություն, կստորագրվի պայմանագիր։ Իրականում որևէ բան տեղի չունեցավ։

Այս տարվա ապրիլի վերջին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՍիվիլՆեթին ասել էր, թե «Նաիրիտի» վերագործարկման հարցը «Ռոսնեֆտի» (2012թ. «Իտեռայում» տեղի է ունեցել հիմնական բաժնետիրոջ փոփոխություն, բաժնետոմսերի 51%-ն անցել է «Ռոսնեֆտին) հետ բանակցությունների փուլում է, և հուսով է, որ առաջիկա երկու ամսում այս հարցում հստակեցում կմտցվի։ Նախարարի կողմից նշված ժամկետից անցել է ևս մեկ ամիս, «Նաիրիտի» հարցում ոչ մի հստակություն չկա։

«Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրում հիմնական խնդիրը ֆինանսական կողմն է։ 2011թ. «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստված «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրում քիմիական հսկայի արդիականացումն ընդհանուր առմամբ գնահատված է $512,26 մլն ($367 մլն-ն ուղղվելու է գործարանի արդիականացմանը, $146 մլն-ը՝ պարտքերի մարմանը)։ Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը (որին դե յուրե պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) չի կատարել ԱՊՀ միջպետական բանկի առջև իր վարկային պարտավորությունները, և 2011թ. վերջից գործարանի բաժնետոմսերի 90%-ը դե ֆակտո պատկանում է բանկին (2006թ. օգոստոսին բանկը $70 մլն-ի վարկային գիծ էր տրամադրել Rhinoville Property Limited-ին՝ 5,3 տարի ժամկետով և տարեկան 12,5% տոկոսադրույքով)։ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

Տարեսկզբին Միջպետական բանկը դիմել է Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ Rhinoville Property Limited-ից $25,2 մլն բռնագանձելու հայցով։ Հերթական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին։

Հուլիսի 23-ի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն աշխատավարձի վճարման պահանջով հերթական անգամ շարժվել են դեպի նախագահի նստավայր։ Ընկերությունն աշխատակիցներին պարտք է մոտ 11 ամսվա աշխատավարձ։

Մեկնաբանել