25 հուլիս, 2013 09:00

ԱԱԾ-ն խոստովանեց

Անկախ հիմնավորումներից, որպես պետական կառույց՝ ԱԱԾ-ի որոշումը կարելի է նաև ողջունել: Հայաստանի վերջին քսան տարվա պատմության մեջ առաջին անգամ պետական կառույցը փաստացի ընդունում է, որ սխալ հիմքերով է գործ սկսել:

Չորեքշաբթի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ դադարեցնում է Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը: ԱԱԾ-ն գործը կարճելու իր որոշումը հիմնավորում է նրանով, որ Վարդան Օսկանյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության «խոստովանել է [Օսկանյանն իր հերթին հայտարարել է, որ ոչինչ էլ չի խոստովանել], որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին» և «կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը[...]»:

Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը կարճելու ԱԱԾ-ի հիմնավորումը մի շարք հարցեր է առաջացնում:

Նախ, ստացվում է, որ ոչ թե Օսկանյանն է խոստովանում, այլ ԱԱԾ-ն է խոստովանում, որ նրա դեմ առաջադրված «փողերի լվացման» ծանր մեղադրանքը ի սկզբանե անհիմն էր, և ԱԱԾ-ն փաստացի ընդունում է իր սխալը՝ խնդիրը հանգուցալուծելով «հարկային պարտավորություններով»:

Երկրորդ, աբսուրդ է որոշման տրամաբանությունը: Վարդան Օսկանյանն իր հայտարարության մեջ ևս հեգնում է. «Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի»:

Իսկապես, ստացվում է, որ, օրինակ, Վազգեն Խաչիկյանը կամ Մարգար Օհանյանը կարող են դիմել ԱԱԾ-ին և հարկային մարմիններին՝ խնդրելով, որ իրենց թույլ տան հափշտակած պետական միջոցների մասով կատարել հարկային պարտավորություններ, և նրանց գործերը կարճվեն:

Անկախ հիմնավորումներից, որպես պետական կառույց՝ ԱԱԾ-ի որոշումը կարելի է նաև ողջունել: Հայաստանի վերջին քսան տարվա պատմության մեջ առաջին անգամ պետական կառույցը փաստացի ընդունում է, որ սխալ հիմքերով է գործ սկսել: 1998թ., երբ Հայաստանում կրկին թույլատրվեց ՀՅԴ-ի գործունեությունը, որոշումը պատճառաբանվում էր ընդամենը «իրավիճակի փոփոխությամբ»:

Երբ մեկ այլ նախկին արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանը, ևս «փողերի լվացման» հետևանքով հայտնվեց բանտում, ապա ազատ արձակվեց ու նրան վերադարձվեց խլված գումարը, նրա գործը չկարճվեց և առայսօր կարճված չէ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: