25 հուլիս, 2013 15:40

Իշխանությունը եթե ցանկանա, մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը. Գալուստ Սահակյան

Իշխանությունները եթե ցանկանան, մի գիշերվա մեջ կմարեն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված այս շարժումը. հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով, որ այդպիսի ցանկություն, այդուհանդերձ, չկա:

«Բայց ես չեմ էլ ուզում, որ մարեն բողոքի այս ակցիաները»,- ասաց Գալուստ Սահակյանը` պատասխանելով «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մարման հնավորության մասին հարցին:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` նոր ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունները հիմք են ժողովրդի` կառավարման պրոցեսներին մասնակցության համար:

«Ես դա շատ դրական եմ գնահատում և կողմնակից եմ զուսպ լինելուն և չհերոսանալուն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որ «փորձում էին խցկվել քաղաքացիների բողոքի մեջ, կարող էին սակագնի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կազմել և ներկայացնել քաղաքապետարան կամ կառավարություն, սակայն չեն արել»:

«Եթե նշում եք, որ 80 դրամը բավական է, գնացեք 10 հատ ավտոբուս գնեք, ու 50 դրամով էլ աշխատացրեք»,- խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանը քաղաքական մյուս ուժերին:

Հարցին, թե արդյոք ինքը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և արդյոք վերջինս ընկճված չէ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ ամեն օր էլ հանդիպում է և զարմացավ, թե ինչու պետք է քաղաքապետն ընկճված լինի:

«Քաղաքապետը կընկճվի այն ժամանակ, երբ տրանսպորտ չլինի Երևանում»,- ասաց Սահակյանը` հերքելով լուրերը, թե իշխանությունը երթուղիների սեփականատերերի շահերից է հանդես գալիս: -Տրանսպորտը գծատիրոջը չէ, տրանսպորտը
օրենքի դաշտում է»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ կողմ է նոր` 150 դրամ սակագնի պահպանմանը, սակայն սոցիալական խմբերի համար անհրաժեշտ համարեց որոշակի ծրագրերի մշակումը:

«Լուծումներ կան, պետք է միայն սպասել»,- ասաց Գալուստ Սահակյանը: