Ավտոբուսներն ուղեկցելու մասին լուրերն ապատեղեկատվություն են. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ իրականությանը չեն համապատասխանում ոստիկանների՝ ավտոբուսներն ուղեկցելու մասին լուրերը: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում նշված է.

«Լրագիր» կայքէջը ստահոդ լուր է տարածել, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները` ուղեվարձի վճարումներն ապահովելու համար:

Քիչ է ասել, թե այս լուրը չի համապատասխանում իրականությանը. սա բացահայտ ապատեղեկատվություն է և միտումնավոր ստախոսություն: Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որևէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից: Ավելին, ոստիկանությունը երբեք ուղետեսուչի ու վերահսկիչի գործառույթ չի ունեցել ու չի կարող ունենալ: Ոստիկանության գործառույթը օրինականությունը և հասարակական կարգը պահպանելն է, ոստիկանության նպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, անկախ նրանից` ուղևոր են, թե ուղևորափոխադրող:

Բոլոր քաղաքացիներն են ոստիկանության պահպանության տիրույթում` և օրինահարգը, և օրինախախտը, և նույնիսկ հանցագործը, և ավելի քան հանցագործը` նման ստահոդ լուրեր հորինողները, որոնք մութ նպատակներով փորձում են անվանարկել ոստիկանությանը, հանրության մեջ անվստահություն սերմանել ոստիկանության համակարգի բարեփոխման, նույնն է թե` երկրի ու հասարակության ապագայի հանդեպ:

Բազմիցս ասել և անթաքույց ապատեղեկատվության սիրահարների համար կրկնում ենք. օրենքի առաջ հավասար են բոլորը, ոստիկանության համար բոլորը երկրի քաղաքացիներն են, որոնց իրավունքների պաշտպանությունը հենց ոստիկանության գործառույթն է, և ծառայելով օրենքին` ոստիկանությունը ծառայում է ժողովրդին, ամբո´ղջ ժողովրդին, առանց որևէ տարանջատման:

Այդպես է և այդպես լինելու է միշտ, և այդ ընթացքը չի կարող խաթարել ո´չ, սուտը, ո´չ բամբասանքը, ո´չ էլ հիշյալ խայտառակ ապատեղեկատվության կարգի սադրանքները, որոնց սթափ ու անկողմնակալ քաղաքացին երբեք չի հավատա, քանզի իրական է տեսնում և´ ոստիկանության բարեփոխումը, և´ գործը, և´ նպատակները, որոնք ոստիկանությունն իրականացնում է բաց, չթաքցնելով իր իսկ համակարգում եղած թերությունները և թերացողներին ու շտկելով դրանք, օրենքի շրջանակներում և հանուն արդարության:

Մեկնաբանել