26 հուլիս, 2013 10:30

Պարո՛ն Տարոն, ինչպե՞ս ստացվեց

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների ֆոնին ակնհայտ է դառնում, որ իշխանության ներսում առնվազն միասնական վերաբերմունք գոյություն չունի խնդրի նկատմամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին երեկ հայտարարեց. «Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և պետական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ իրողությունը»: Այս հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը Տարոն Մարգարյանին անուղղակիորեն մեղադրում է, որ քաղաքապետն առնվազն հաշվի չի առել հասարակության դիրքորոշումը, ինչը, ըստ վարչապետի, պարտավոր էր անել: Սրանով գործող վարչապետը փորձ է անում փրկել իշխանության դեմքը՝ պատասխանատվությունը բարդելով Տարոն Մարգարյանի վրա:

Առավել ուշագրավ է, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք 100 դրամ վճարելը օրենքի խախտում է, բացասական պատասխան է տվել: Եթե գոյություն ունի հանրային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացման օրինական որոշում, ապա որքանով է օրինական այդ որոշումը չկատարելը: Փաստացի արդարադատության նախարարը դիվանագիտորեն հասկացնում է, որ 100 դրամ վճարողները գործում են օրենքի շրջանակում:

Աճող հանրային դժոգոհության ֆոնին իշխանական տարբեր օղակներից բանեցվող հրապարակային և ոչ հրապարակային ճնշումները պետք է ստիպեին, որ Տարոն Մարգարյանը ինչ-որ կերպ վերանայեր իր կայացրած որոշումը: Կառավարության նիստից ժամեր անց քաղաքապետը հայտարարեց ավելի վաղ կայացրած որոշման կասեցման մասին: Սակայն Տարոն Մարգարյանը միաժամանակ զգուշացնում է, որ թանկացումներն անխուսափելի են մոտակա ամիսներին: Սրանով նա փորձում է փրկել իր դեմքը, քանի որ եթե խոստովաներ, որ սխալ որոշում է կայացրել, պարտավոր էր հիմնավոր բացատրություն ներկայացնել, ինչը բավական դժվար էր լինելու, եթե չասենք՝ անհնար: Այդ դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրվում էր հարցականի տակ: Եթե Տարոն Մարգարյանը հանրային շահին հակասող որոշում է կայացրել, ապա սա ենթադրում է, որ նա առնվազն չի տիրապետում իրավիճակին և վատ մենեջեր է: Այս պարագայում առաջանալու էր նրա հրաժարականի պահանջը, ուստի այդ հեռանկարից խուսափելու համար գործող քաղաքապետն ընտրեց միջանկյալ տարբերակը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: