Չի կարելի արտագաղթի վիճակում այսքան սոցիալական ստրես մտցնել ժողովրդի մեջ. Արթուր Իսպիրյան

Չի կարելի արտագաղթի այս վիճակում այսքան սոցիալական ստրես մտցնել ժողովրդի մեջ. հուլիսի 26-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտնեց երաժիշտ Արթուր Իսպիրյանը՝ խոսելով հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման որոշման մասին:

«Պետք է դրվեն քաղաքական պահանջներ, որովհետև, իմ կարծիքով, կան խմբեր, որ աշխատում են ժողովրդի դեմ»,- ասաց Իսպիրյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է հուլիսի 26-ին քաղաքացիների կողմից քաղաքապետին քաղաքական պահանջների ներկայացումը:

Իսպիրյանի խոսքով՝ քաղաքացիների հաղթանակը բազմակետով է, և պայքարը լինելու է շարունակական: Ըստ նրա՝ սոցիալական շատ այլ խնդիներ կան, որոնց համար ժողովուրդը պետք է պայքարի:

«Տրանսպորտը պետք է լինի պետական և տարիֆների բաժանված: Գների իջեցումը պետք է լինի տարբեր խավերի համար, վճարային համակարգ պետք է որոշվի, որպեսզի մարդիկ օգտվեն զեղչային համակարգից»,- ասաց Իսպիրյանը:

Երգիչը նշեց, որ իրեն ուրախացնում է ոչ այն փաստը, որ պայքարի արդյունքում ուղեվարձը կրկին դարձել է 100 դրամ, այլ երիտասարդության համախմբվածությունը:

Անդրադառնալով հարցին, թե իսկապես շարժման հիմքում ընկած էր 50 դրամով թանկացումը, Իսպիրյանը պատասխանեց, որ ընդհանուր շատ ուրիշ խնդիրներ կան և 50 դրամն ընդամենը առիթ դարձավ:

«Եթե ուշադրություն դարձնենք, ամենօրյա առևտրի մեջ այնքան գումարներ ենք շատ վճարում, որ 50 դրամը չնչին գումար է»,- ասաց նա:

Իսպիրյանի խոսքով՝ իրեն զարմացրել է այն, որ հուլիսին քաղաքում մեծ թվով ակտիվ երիտասարդություն կար: Ըստ նրա՝ պայքարը շատ ակտիվ էր, շարժիչ ուժը երիտասարդությունն էր և «համարձակությունն ամբողջը իրենցն էր»:

«Սա կառավարության սերնդափոխության սկիզբն է, որովհետև ժամանակը եկել է սերնդափոխության: Սա առաջին դեպքն է, որ երիտասարդության միջոցով եղավ և ոչ կուսակցությունների պայքարով»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդկանց մոտ հավատը կորել էր, որ ինչ-որ բան կարող է փոխվել:

Երաժիշտը նաև նշեց, որ շարժման հիմնական շարժիչ ուժերից մեկն ինտերնետային կայքերն էին, և այդ պատճառով էլ երիտասարդները ավելի ակտիվ էին, քան մեծահասակները:

Իսպիրյանի խոսքով՝ քաղաքացիներն իրենց վերահսկողության տակ պետք է պահեն բոլոր ոլորտներում տեղի ունեցող անօրինական թանկացումները:

Հիշեցնենք, որ Արթուր Իսպիրյանը միացել էր սեփական մեքենայով քաղաքացիներին անվճար տեղափոխելու Free car ակցիային:

Մեկնաբանել