Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն գոյություն չունի. Ս. Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծել է նաև, որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշել է, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրել է, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Մեկնաբանել