1 օգոստոս, 2013 09:00

Ո՞ւր մնաց օֆշորը

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի 50-տոկոսանոց բարձրացմանը նախորդող շրջանում հանրության ուշադրության կենտրոնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը: Բնականաբար, հատկապես լրատվական ու քաղաքական որոշակի շրջանակներում բուռն դժգոհություն էր առաջացրել այն, որ երկրի վարչապետը մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ, սակայն իրավապահ մարմինները համարժեք վերաբերմունք ցույց չեն տալիս:

Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ սկսված բողոքի հրապարակային գործողությունները հանրության ուշադրությունը ամբողջությամբ շեղեցին օֆշորային սկանդալից: Տիգրան Սարգսյանի անվան շուրջ մոլեգնող այդ սկանդալը վերջին շրջանում գրեթե չի հիշվում: Բնական էր, որ հանրային տրանսպորտի թանկացումը պետք է մեծ աղմուկ բարձրացներ սոցալ-տնտեսական առումով ծանր իրավիճակում հայտնված բնակչության շրջանում, այդ թանկացումը անմիջականորերն խփում էր մարդկանց գրպանին: Երևանի քաղաքապետարանի կողմից ուղեվարձի բարձրացման դեմ ուղղված պայքարը հաջողությամբ պսակվեց նաև վերոհիշյալ պատճառով, իսկ այդ ընթացքում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձեցին պայքարի հաջողության վերմակի ինչ-որ մաս քաշել իրենց վրա: Այդպիսի պաշտոնյաներից էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եթե արդարադատության նախարարը ըստ էության կոչ էր անում 150 դրամի փոխարեն 100 դրամ վճարել, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր քաղաքացիական հասարակության հզորության մասին և անհրաժեշտություն տեսնում հաշվի առնել այդ հասարակության կարծիքը պետական որոշումներ կայացնելիս: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի թիմը, զգալով, որ ամեն դեպքում հանրային դժգոհությունը ռեալ արդյունքներ է տալիս, փորձել է քաղաքական դիվիդենտներ ստանալ և դիրքավորվել որպես քաղաքացիական հասարակության կողքին կանգնող գործիչներ:

Իհարկե, հրաշալի է, որ վարչապետը գնահատում է քաղաքացիական հասարակության դերն պետության մեջ, սակայն երբ այդ գնահատականները հատվածական են և երկակի ստանդարտների կիրառմամբ, այդ պահվածքը կասկածելի է: Այսինքն, երբ քաղաքացիական հասարակության մաս կազմող որոշ լրատվամիջոցներ, քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Սարգսյանին մեղադրում են օֆշորային կասկածելի գործարքների մեջ, այդտեղ վարչապետը ուժեղացող քաղաքացիական հասարակության գոյության մասին ընդհանրապես չի հիշում, իսկ մերձվարչապետական քարոզչամեքենան խոսում է քաղաքական պատվերի և բանսարկության մասին: Մինչդեռ պահանջը բավական հստակ է, որ վարչապետը և իրավապահ մարմինները պետք է արժանահավատ փաստեր ներկայացնեն առ այն, որ Տիգրան Սարգսյանը կապ չունի օֆշորային խարդախությունների հետ: Սակայն մինչ այս պահը թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ իրավապահ համակարգը իրենց գործողություններով միմիայն խորացրել են կասկածները:

Որ վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը պակաս կարևոր թեմա չէ, քան հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, միանշանակ է: Իրեն հարգող որևէ հասարակություն չի կարող թույլ տալ, որ երկիրը ղեկավարեն մարդիկ, ովքեր, մեղմ ասած, կասկածելի գործարքների մեջ են և վստահության դեֆիցիտ ունեն: Հարգելով այդ նույն քաղաքացիական հասարակությանը՝ իրավապահ մարմինները պետք է որ անհապաղ հերքեն կամ հաստատեն վարչապետի՝ օֆշորային գործարքին մասնակցությունը: 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: