«Էյր Արմենիան» օգոստոսի վերջից կանոնավոր չվերթներ կիրականացնի

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը օգոստոսի վերջից նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել վեց ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Դոնի Ռոստով, Սոչի և Կրասնոդար: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն կնքել է երկու օդանավի պայմանագիր, որից մեկը Airbus է: Նրա խոսքով` ինքնաթիռներն օգոստոսի կեսին արդեն կլինեն Հայաստանում:

«Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրենը նաև նշեց, որ ընկերությանը չվերթներ իրականացնելու թույլտվություն է տրվել մեկ տարի ժամկետով: Հարցին, թե արդյոք ընկերությունը մասնակցելու է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայտարարավելիք հայաստանյան օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթներին, Արսեն Ավետիսյանը դրական պատասխանեց:

Հունիսի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգին»: Վերջինս ընդունվեց, երբ «Արմավիա» ավիաընկերությունը մարտի վերջին հայտարարեց թռիչքները դադարեցնելու ու սնանկացման գործընթաց նախաձեռնելու մասին։ Համաձայն այս փաստաթղթի՝ քաղավիացիայի օդուղիները բաժանվելու են երեք խմբի, հայտարարվելու են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն հայկական ընկերություններ (Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիա ունի տասնմեկ ընկերություն)։ Նախատեսվում է, որ թույլտվությունները կարող են տրվել մինչև հինգ տարի ժամկետով, որպեսզի արդարացված լինեն ավիաընկերությունների ներդրումները։ Ընդ որում՝ պետությունը չի պատրաստվում ավիաընկերությունների առջև որևէ պարտավորությունր ստանձնել՝ հետագայում հովանավորչական քաղաքականությունից խուսափելու համար։

«Էյր Արմենիան» ստեղծվել է 2003թ.: Ավիաընկերությունը մասնագիտացած է բեռնափոխադրումների ոլորտում: Տարբեր ուղղություններով չարթերային թռիչքներ է իրականացրել դեպի ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա և Աֆրիկա:

Մեկնաբանել