Թուրքիայում քննարկում են ազգային փոքրամասնությունների կոդավորման մասին լուրերը

Թուրքիայում մեծ արձագանք են գտել երկրի ազգային փոքրամասնություններին կոդավորելու քաղաքականության մասին տարածված լուրերը. թեմային անդրադարձել են ինչպես թուրքական առաջատար լրատվամիջոցները, այնպես էլ քրդական թերթերը:

Կ.Պոլսում լույս տեսնող «Ակօսը» գրել էր, թե 1923թ. ի վեր Լոզանի պայմանագրով ճանաչված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ գաղտնի կոդ է կիրառվել: Այսպես` համար 1-ը հույների կոդն է, 2-ը` հայերինը, 3-ը` հրեաներինը: Այս կոդերը գրանցված են եղել բնակչության ինքնության վկայականներում և գաղտնի են պահվում:

Թեմայի վերաբերյալ Taraf-ը զրուցել է փաստաբան Քեզբան Հաթեմիի հետ, որը նշել է, որ դա քաղաքացիների կոդավորում է և չի համապատասխանում Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Haberturk-ն էլ հերքում է, թե կոդի գոյությունը նշանակում է քաղաքացիների կոդավորում: Haberturk-ի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե չի հավատում նման տարանջատմանը:

Քրդական Ozgur-gundem կայքն էլ թեմայի վերաբերյալ իր հոդվածը վերնագրել է «Ցեղասպանությունից մինչև գաղտնի կոդ» վերնագրով:

«Ակօսի» հրապարակմանն անդրադարձել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը և ինչպես գրում է թերթը, փաստորեն ճանաչել է «ցեղային գաղտնագրի» գոյությունը: Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն` օգտվելով ազգության և ցեղային պատկանելության վերաբերյալ օսմանյան ժամանակաշրջանի գրանցամատյաններում եղած տվյալներիից` Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ցեղային պատկանելության մասին տեղեկություն է տրամադրվել ազգային կրթության նախարարությանը: Թեև պետք է նշել, որ ՆԳՆ-ի հայտարարության մեջ փորձ է արվում ցույց տալ, թե դա փոքրամասնությունների նկատմամբ կիրառված խտրական քաղաքականություն չէ:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցում է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` պահանջելով բացատրություն տալ գաղտնի կոդի կապակցությամբ: Նա հարցրել է, թե արդյոք գաղտնի կոդը միայն կրթության նախարարությունում է օգտագործվում, թե ոստիկանությունում, հետախուզությունում, դատախազության գործերում և այլուր ևս:

Ներկայում Թուրքիայում քննում են, թե արդյոք ասորիների կամ Թուրքիայի ոչ թուրք մուսուլման բնակչության նկատմամբ կիրառվել է նման տարանջատիչ կոդավորում, թե ոչ:

Մեկնաբանել