Վերաքննիչն անփոփոխ թողեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ին մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքի քննությունը:

Դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Մյուս կողմից` դատարանը բավարարեց վկաներին հարցաքննության կանչելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը:

Մինչ դատարանի ներսում ընթանում է քննություն, Վերաքննիչի առջև մի խումբ քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման` 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Թեմային առնչվող տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ

Մեկնաբանել