Կենսաթոշակի վճարումն այլևս խնդիր չի առաջացնի. վարչապետ

Կառավարության օգոստոսի 8-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն արծարծել է օգոստոսի 4-ին, 5-ին առաջացած կենսաթոշակի վճարման խնդիրը, որն ունեցել են շուրջ 1,4 հազ. թոշակառուներ` ցուցակները ժամանակին Հայփոստի բաժանմունքներ չհասնելու պատճառով:

«Ես հանձնարարել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը` քննություն կատարել,- հավելել է վարչապետը: -Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն՝ նոր համակարգի ներդրմանը: Առաջին անգամ թոշակը վճարվում է էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատ մարդկանց դա դուր չի գալիս, և նրանք փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային փաստաթղթերով թոշակ նշանակվի և վճարվի: Հասկանալի է, որ այս կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթային ձևակերպման ժամանակ, երբ որ ամբողջական վերահսկողություն իրականացնելը դառնում էր չափազանց դժվար»

Վարչապետի խոսքով` նախարարն իրեն զեկուցել է, որ չնայած այսպիսի արմատական փոփոխություններին, չարաշահումների բացահայտմանը՝ վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ:

«Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, և սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչ չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործվում անօրինական ձևով փող աշխատելու համար: Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի խնդիրներ և վճարման հետ կապված հերթեր: Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրմամբ և այն դիմադրությամբ, որը, ցավոք սրտի, դեռևս առկա է համակարգում: Նախարարը հավաստիացրել է ինձ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիր չի առաջանա, և մեր թոշակառուները ժամանակին, առանց բարդության կստանան իրենց թոշակները»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Մեկնաբանել