12 օգոստոս, 2013 15:12

Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Սեյրան Օհանյանն օգոստոսի 10-ին հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում:  

Իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել և այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից և կարողանանք անցկացնել լիարժեք և առողջ հանգիստ»,- ասել է նախարարը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրել ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները: