650 երևանցի ծնողներ հանդիպել են իրենց զինծառայող որդիների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Վերջինները հնարավորություն են ստացել հենց տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:

Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:

Հանդիսավոր արարողությունների շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ զինվորներին Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր են հանձնվել: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:

Մեկնաբանել