Արցախում ավարտվել է «Հայազնի» վրանային բանակումի ծրագիրը

Օգոստոսի 1-ին Արցախում մեկնարկել է «Հայազն» կուսակցության կազմակերպած երկրորդ վրանային բանակումի ծրագիրը: Ինչպես հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից, բանակումին մասնակցել են շուրջ չորս տասնյակ երիտասարդներ:

Առաջին օրը ճամբարականներն այցելել են Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը` Ագոն, երիտասարդներին ներկայացրել է Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանել նրանց հարցերին: Այնուհետև, ճամբարականները շարժվել են դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ: Բանակման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ «Հայազնի» հետագա գործունեության, ազգային-ազատագրական և ազգային-հեղափոխական ռազմավարության և մարտավարության շուրջ: Անցկացվել են ճամբարականների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ:

Ճամբարականներին այցելել են վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից: Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան:

Երկրորդ բանակումն ավարտել է իր աշխատանքը օգոստոսի 9-ին:

Մեկնաբանել