13 օգոստոս, 2013 16:40

Պուտինը ժամանել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այցով ժամանել է Բաքու, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանդիպման արդյունքներով նախատեսվում է հինգ-վեց փաստթղթերի ստորագրում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ հարցերի գրեթե ողջ համալիրը, այդ թվում՝ նախապատրաստությունը Բաքվի երրորդ միջազգային մարդասիրական համաժողովին, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը:

Ակնկալվում է նաև, որ նախագահները կանդրադառնան միջազգային և տարածաշրջանային օրակարգի, Կասպից ծովի իրավական ռեժիմի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերին, սակայն կշրջանցեն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը: