13 օգոստոս, 2013 16:35

Քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել  ակցիայի մասնակիցներից մեկին` 1991թ. ծնված, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Միհրան Մելքոնյանը 2011թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է  3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: 

«Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին:

Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008-ին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…

Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին: