Ադրբեջանական ընդդիմությունն օգոստոսի 18-ին Բաքվում հանրահավաք կանցկացնի

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) օգոստոսի 18-ին մտադիր է Բաքվում հանրահավաք անցկացնել՝ պահանջելով 2013թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացնել ազատ և արդար նախագահական ընտրություններ: Այս որոշումն ընդունվել է Խորհրդի փակ նիստում օգոստոսի 12-ին, հաղորդում է contact.az կայքը:

Ակցիայի նպատակն է նաև աջակցություն հայտնել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդից նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին:

Ազգային խորհրդի վարչակազմի ղեկավար Էլդար Նամազովի խոսքով՝ Բաքվի քաղաքապետարան ուղարկված ծանուցագրում հայտագրված է շուրջ 20 հազ. մարդու մասնակցություն: Ընդ որում՝ քաղաքապետարանին առաջարկվում է հանրահավաքն արտոնել ադրբեջանական մայրաքաղաքի չորս վայրերից մեկում:

Ըստ contact.az-ի՝ հավաքի մասնակիցները մտադիր են պահանջել նախագահի բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորությունների ապահովում, ԺՈՒԱԽ-ից միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի գրանցմանը խոչընդոտող գործոնների վերացում, քարոզարշավի ժամանակ հավաքների ազատություն և լրատվամիջոցներում քաղաքական բազմակարծության ապահովում:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան 2013թ. հոկտեմբերի 9-ին:

Մեկնաբանել