Քաղաքապետարանի մոտ նստացույց անող երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից նստացույց անող քաղաքացիներ Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին ` քաղաքապետարանի մոտ բարձրախոսով խոսելու համար: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ակտիվիստ Կարեն Հարությունյանը` նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել մոտ 2 ժամ առաջ:

Ըստ Հարությունյանի` Մինասյանն ու Սահակյանը բարձրախոսով հնչեցնում էին իրենց պահանջները, որի համար էլ ոստիկանները նրանց բերման են ենթարկել: Քաղաքացիների նկատմամբ վարչական բերում է իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով:

Ակտիվիստները համացանցում դեպքի վերաբերյալ տեսանյութ են տարածել:

Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների պահանջով անժամկետ նստացույց են հայտարարել:

Մեկնաբանել