Բուհերն իրենց բյուջեների 7%-ը կհատկացնեն ուսանողական զեղչերին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպում է ունեցել բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, հաղորդում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից: Նկատի ունենալով, որ ուսանողներին հուզող ամենահրատապ խնդիրը բուհերում ուսման վարձավճարների բարձրացմանն է վեաբերում, նախարարը նախ ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրերը, որոնք նպատակ ունեն սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար հստակ երաշխիքներ ապահովել:

ԿԳ նախարարը նշել է, որ արդեն պատրաստ է և առաջիկայում հաստատման կներկայացվի ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ ամրագրվում է, որ բուհերն իրենց բյուջեների առնվազն 7%-ը պարտավոր են ուղղել ուսանողական զեղչերին: Սոցիալական աջակցությունը մրցակցային հիմունքներով պետք է հասանելի լինի ուսանողների առնվազն 10%-ին: Ընդ որում, հստակ նշվում են նաև այն սոցիալական խմբերը, որոնք կարող են օգտվել զեղչերից, ամրագրվում է նաև հատկացվող աջակցության չափը:

Նախարարը ներկայացրել է համեմատական տվյալներ և նշել, որ գործող օրենքով բուհերը ուսանողական զեղչերի համար հատկացնում են իրենց բյուջեների 2-5%-ը, որոշ բուհերում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Շրջանառության մեջ դրված օրինագծով՝ ընդլայնվում է նաև սոցիալական խմբերի թիվը. «Պետությունն իր վրա է վերցնում և անվճար կրթություն է ապահովում հաշմանդամ ուսանողների համար, անապահովության «Փարոս» համակարգում ընդգրկված երեխաների համար կսահմանվի 50-100%, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները կօգտվեն 50% զեղչից, երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքի երեխաները՝ 30% զեղչից:

Զեղչեր են նախատեսված նաև ծնողազուրկ երեխաների համար և այլն: Բուհերը կարող են նաև, բացի այս խմբերից, իրենց կողմից ևս սահմանել լրացուցիչ արտոնություններ»,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ նշված արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին: Ընդգծելով, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չի զրկվելու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից` ԿԳ նախարարը ամփոփելով նշել է, որ պետության ձեռնարկած քայլերի արդյունքում ուսանողների սոցիալական կարիքների համար ծախսվող միջոցները իրենց ծավալով ավելի մեծ են լինելու, քան այլ հավելյալ գումարները, որոնք վարձավճարների բարձրացման պատճառով գանձվելու են ուսանողներից: ԿԳ նախարարի խոսքով՝ միաժամանակ կառավարությունը մտադիր է լավագույն ուսանողների համար կրթաթոշակ սահմանել, որը կհատկացվի 7 անվանակարգերում: Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողներին կհատկացվի 150-550 հազ. դրամ միանվագ կրթաթոշակ: Միաժամանակ պետությունը մտադիր է ավելացնել պետական պատվերով տեղերը` պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների և բանակից զորացրվածների համար: Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարին հարցեր են ուղղել ուսանողական հանրակացարանների, ճաշարանների, կրթաթոշակների և բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված: Պատասխանելով հարցին, թե արդյոք վարձավճարների բարձրացման արդյունքում հանրակացարանների վիճակը հնարավոր է բարելավել, նախարարը նշել է, որ խնդիրը հիմնարար լուծում է պահաջնում. «Բուհերում ուսման վարձավճարների բարձրացման հաշվին ուսանողական հանրակացարանների խնդրի լուծումը իրատեսական չէ: Վարձավճարները բարձրացվել են միջինը 20%-ով, իսկ դա հանրակացարանների խնդրի լուծման համար բավարար չէ, քանի որ խորհրդային տարիների բուհական հանրակացարանային ֆոնդը այլևս չկա, իսկ պահանջարկը բավական մեծ է»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ մայրաքաղաքում այժմ ուսանողների համար նախատեսված միակ գործող հանրակացարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող հանրակացարանն է, որը վերանորոգման կարիք ունի: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ խնդրին հիմնական լուծում տալու նպատակով, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, ժամանակակից ուսանողական ավան հիմնելու ծրագիր է մշակվում:

Անդրադառնալով բուհական ճաշարանների խնդրին՝ Աշոտյանը նշել է, որ սեպտեմբերից դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի ուսանողական ճաշարաններում գները լինեն համեմատաբար մատչելի:

Մեկնաբանել