26 օգոստոս, 2013 14:27

Չենք դիտարկում միայն մեկ տարբերակ՝ ոչինչ չանել Սիրիայում. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ որոշում կարող են ընդունել առաջիկա օրերին, օգոստոսի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

«Որոշումը կընդունվի առաջիկա օրերին, - Ֆաբիուսի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: - Բոլոր տարբերակները դիտարկվում են: Չի քննարկվում միայն մեկը՝ ոչինչ չանելը», - ասել է Ֆաբիուսը:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին:

Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարությունը համաձայնեցրել է ՄԱԿ-ի տեսուչների այցելությունների ժամանակացույցն այն վայրեր, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, ՄԱԿ-ի տեսուչները  ժամանել են Դամասկոս և ուղևորվել դեպի Արևելյան Ղուտայի շրջան, որտեղ, ընդդիմության հաղորդագրությունների համաձայն, քիմիական զենք է կիրառվել: