Ակնհյատ է, որ ոստիկանությունը ժողովրդին ծեծելու հրաման ունի վերևից. Եղիա Ներսեսյան

Ներկայում լրիվ սանձարձակ իրավիճակ է. ակնհայտ երևում է, որ ոստիկանությունը ժողովրդին ծեծելու հրաման ունի վերևից: Օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև «Dino Gold Mining ընկերությունն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսեսյանի» դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Եղիա Ներսեսյանը` անդրադառնալով օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում իր և իր ընկերների խմբակային ձերբակալությանը: Ըստ բնապահպանի` օգոստոսի 24-ին իրեն ձերբակալել են ոչ մի բան չանելու համար:

«Ես ընկերներիս հետ կանգնած էի Կոմիտաս 5 հասցեի հարակից փողոցի լուսացույցի տակ և մեզ մոտեցավ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը և ասաց, որ հրաման է ստացել ինձ ձերբակալել», – ասաց Ներսեսյանը`հավելելով, որ այնուհետև փոքր քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվել է իրեն տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին և տարել են այդ բաժնի պետ` Գրիգոր Ամիրխանյանի սենյակ:

Ըստ բնապահպանի` Ամիրխանյանը անպատվել է իրեն` սկսած արտաքինից, հագած շորերից և Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ներսեսյանի խոսքով` Ամիրխանյանը զգուշացրել է, որ ինքը պետք է դուրս մնա իրականացվող բոլոր գործողություններից:

«Դու պետք է հեռու մնաս, թե չէ քեզ հետ շատ վատ բաներ կկատարվեն»,- ասաց Ներսեսյանը` մեջբերելով Ամիրխանյանի խոսքերը, որը, ըստ բնապահպանի, ուղղված էր նաև իր ընկերներին:

Ներսեսյանը հայտարարեց, որ եթե իրեն կամ իր ընտանիքին և ընկերներին ինչ-որ բան պատահի, անմիջական պատասխանատուն Աբակիրի ոստիկանության բաժնի պետ Գրիգոր Ամիրխանյանն է, որն իրեն սպառնացել է:

Մեկնաբանել