Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն oգոստոսի 24-ին ընդունել է Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից` զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրել է Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների միջև հարաբերություններին, կարևորվել է էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաև համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին:

Մեկնաբանել