Սիրիայում քիմիական զենքի կիրառումը չի կարելի անհետևանք թողնել. պաշտոնական Բեռլին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ նա, ով կանգնած է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևում, պետք է պատժվի: Գերմանական կառավարության ղեկավարի դիրքորոշումը օգոստոսի 26-ին բարձրաձայնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը:

«Ամենայն հավանականությամբ, խոսքը թունավոր նյութերի կիրառմամբ հարձակման մասին է: – ասել է Զայբերթը: – Այն չի կարող անհետևանք մնալ»:

Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը ձգտում է հնարավորության դեպքում քաղաքական լուծում տալ սիրիական իրավիճակին: Զայբերթի խոսքով՝ Անգելա Մերկելը օգոստոսի 26-ին Սիրիայում ստեղծված դրությունը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն իր հերթին հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառումը Սիրիայում չի կարելի անպատասխան թողնել և կոչ արել, այդուհանդերձ, պահպանել ողջամտությունն ու թույլ չտալ, որ կոնֆլիկտը տարածվի մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում:

Մեկնաբանել