2014թ. ևս 5 սպանդանոց կհիմնվի. գյուղնախարար

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 28-ին այցելել է Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում նոր վերակառուցված սպանդանոցային համալիր, որը վերագործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների մասնավոր ներդրումներով, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիի ուղեկցությամբ շրջել է համալիրի բոլոր տեղամասերում և ծանոթացել սպանդանոցի արտադրական հզորություններին ու տեխնոլոգիաներին: Իրանական կողմը նախարարին հավաստիացրել է, որ առաջիկա օրերին սպանդանոցն արդեն պատրաստ կլինի օրական մեկ հերթափոխով 600 գլուխ ոչխարի սպանդ կազմակերպելու համար, իսկ համապատասխան պահանջարկի դեպքում ծավալները կարող են կրկնապատկվել: Նոր համալիրի սեփականատերերը գյուղնախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցը նախատեսել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորություն՝ հաշվարկելով տեղական շուկայի այս պահանջարկը ևս: Գյուղնախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր մանր եղջերավորների ճյուղում արդեն շուրջ 15% բնական աճ կա, և մենք հնարավորություն ունենք տարեկան արտահանելու 250-280 հազ. գլուխ ոչխար:

«Այսպիսի սպանդանոցների առկայությունն ուղղակի առաջնահերթություն է: Եկող տարի ևս 5 սպանդանոց կհիմնվի, իսկ առաջիկա 5 տարիներին՝ տասը խոշոր սպանդանոց՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների սպանդի համար»,– ասել է նախարարը:

Ներկայում ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 30-35 %-ի սահմաններում, մինչդեռ այն ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով մեր երկրի համար բավականին հեռանկարային ճյուղ է:

Ըստ գյուղնախարարի` ոչխարաբուծությունը ՀՀ-ում կարող է դառնալ մրցունակ ոլորտ: Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ճյուղի այսօրվա 680 հազ. գլխի ցուցանիշը, հույս է հայտնել, որ այն հնարավոր է եռապատկել։

«Մանավանդ, որ Հայաստանն ունի 1մլն 56 հազ. հա լեռնային արոտավայր, որի ընդամենը 25 %-ն է այսօր օգտագործվում»,– ասել է նախարարը:

Մեկնաբանել