30 օգոստոս, 2013 18:31

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին կմասնակցեն շուրջ 60 մշակութային կենտրոն

Եվրոպական ժառանգության օրերը 2013թ. կիրականացվեն օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին՝ «Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո, հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Այն կոչված է ապահովելու հասարակության, մասնավորապես, երեխաների, պատանիների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը բազմատեսակ միջոցառումներին` խթանելով մշակույթի և մշակութային ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար:

2013թ. «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին կմասնակցեն շուրջ 60 մշակութային օջախներ, կընդգրկվեն բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, կիրականացվի շուրջ 200 միջոցառում: Ծրագրում ներառված են նաև նորօրյա ճարտարապետական հուշարձանները. հատուկ թիրախային խմբերի համար կկազմակերպվեն այցելություններ նախագահի նստավայր, կառավարության և Ազգային ժողովի շենքեր, հատուկ էքսկուրսիոն ծրագրով առաջին անգամ իր դռները կբացի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնը, (նախնական գրանցումով) անվճար այցելություններ կկազմակերպի «Արարատ» կոնյակի գործարանը:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 21-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կիրականացվի երկաթուղային շրջագայություն. դեպի Լոռու մարզ` Հաղպատ, Սանահին, Քոբայրավանք, Օձուն, Շիրակի մարզ` Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան, Սևան` Այրիվանք և բրոնզեդարյա հնավայր:

Եվրոպական ժառանգության օրերին զուգահեռ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների համաժողովը, որին կմասնակցեն մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, պաշտոնյաներ Եվրոպայի խորհրդից և Եվրամիությունից, Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ` շուրջ 30 եվրոպական երկրներից: Համաժողովը կազդարարի Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը, ինչպես նաև կքննարկի ծրագրի 2013-2014 թթ. մարտավարությունը և հեռանկարները: Համաժողովի ընթացքում ազգային համակարգողների համար կկազմակերպվի ուսումնական սեմինար, որը կվարեն Մեծ Բրիտանիայից և Հունաստանից ժամանած մշակութային պահպանության ոլորտի մասնագետները, ինչպես նաև կմեկնարկի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի հանրահռչակմանն ուղղված նորաստեղծ Հաղորդակցման պլատֆորմը:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպական ժառանգության օրերի հայաստանյան ծրագրին, այցելելու պատմամշակութային հուշարձաններ:

Ծրագրին միացած թանգարանների և հուշարձանների մուտքն անվճար է:

2013թ. օգոստոսի 30-ին` ժամը 10:15-ին, «Գոլդեն Փելես» հյուրանոցի «Վան» կոնֆերանսների դահլիճում Եվրոպական ժառանգության օրերին և Հայաստանում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների տարեկան համաժողովին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Կրթության և մշակույթի հարցերով Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ալեսանդրո Սենեսին, Եվրոպայի խորհրդի 2-րդ գլխավոր տնօրինության՝ «Ժողովրդավարություն», գլխավոր տնօրենի քաղաքական հարցերով հատուկ խորհրդական Ուլրիխ Բունյեսը, «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ղեկավար Մադելենա Գրոսմանը:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահաղացումը ծագել է Ֆրանսիայում 1984-ին` «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991-ին, իսկ 1999թ. ծրագրին միացել է նաև Եվրամիությունը և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000-ին: Նախորդ տարիներին միջոցառումները կրել են տարբեր խորագրեր՝ «Ծիր կաթին», «Կամրջենք սերունդները», «Գրավոր հիշողություն», «Ճանապարհ» և այլն: