Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը օգոստոսի 30-ին ընդունել է «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովին մասնակցող համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներին, հաղորդում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ այս օրերին Երևանը հիրավի դարձել է համաշխարհային հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ գիտաժողովին մասնակցում են հոգեկան առողջության ոլորտի համաշխարհային մեծություններ, մասնագիտական տարբեր ասոցիացիաների ղեկավարներ։ Նա վստահեցրել է, որ հայ մասնագետների համար չափազանց օգտակար կլինեն նրանց հետ շփումները, նրանց փորձն ու դասախոսությունները։
Նախարարը նաև փաստել է, որ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների լուծումն առաջնահերթություն է կառավարության համար և ներկայացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նշել է, որ մասնագետների հետ մշակվել է և առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի «ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը»։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նաև դրանից բխող ծրագիրն ու ժամանակացույցը։ Այս ամենը ենթադրում է բոլորովին նոր մոտեցումներ ու մեխանիզմներ ոլորտի ֆինանսավորման, կանխարգելման ու բուժման, փորձագիտության, հիվանդների վերականգնման, կադրերի պատրաստման գործում։ Դերենիկ Դումանյանն ընդգծել է, որ հատկապես հոգեկան առողջության ոլորտում նախարարությունը բավական արդյունավետ համագործակցում է հասարակության շահերը ներկայացնող հասարական ու մասնագիտական կազմակերպությունների հետ։
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Պեդրո Ռուիզին (ԱՄՆ) ընդգծե է, որ Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջազգային գիտաժողովը, ինչպես նաև նախարարի կողմից հոգեկան առողջության կարևորումն ու աջակցության պատրաստակամությունը հետագա համագործակցության բարենպաստ նախապայման են։ Նա նշել է, որ պատրաստվում են ծրագրեր իրականացնել այն տարածաշրջաններում ու երկրներում, ուր կա դրա անհրաժեշտությունը և ներքին աջակցությունը։ Պեդրո Ռուիզին առաջարկել է այդ ծրագրերի համակարգումը դնել Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանի վրա։
Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի էքս-նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկո) խոսել է առաջիկայում առողջապահության նախարարության և ֆրանսիական ճանաչված «Սանոֆի» կազմակերպության հետ համագործակցության, այդ թվում` Երևանում հակախարանային պիլոտային ծրագրի մասին։ Նա վստահություն է հայտնել, որ ծրագիրն արդյունավետ կլինի և երկու տարի անց այն կշարունակվի մարզերում։ Դրիսս Մուսավին նաև նշել է, որ Հայաստանում ևս սոցիալական հոգեբուժության ասոցիացիա ստեղծելու ժամանակն է, մանավանդ, որ դրա համար այստեղ մեծ ներուժ կա։ Նման առաջարկով հանդես է եկել նաև Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդին (Մեծ Բրիտանիա)։ Նշելով, որ հոգեկան առողջությունն ազգային անվտանգության և ապահովության խնդիր է, նա իր ղեկավարած կազմակերպության կողմից մասնագիտական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել հոգեկան հիվանդներին բուժումից հետո հասարակությանն ինտեգրելու գործում։
Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության նախագահ Մայքլ Քիդը (Ավստրալիա) տպավորված էր ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներին նվիրված գիտաժողովից, այլև Հայաստանի` ԵՊԲՀ մասնագետների և մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների հետ հանդիպումից։ Նա առաջարկել է առողջության առաջնային օղակում աշխատողների կրթական ծրագրերում ընդգրկել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ։ Մայքլ Քիդն իր ղեկավարած կազմակերպության անունից այդ գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել։
Նախարար Դումանյանը հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաև նրանց ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։
Գիտաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին` ժամը 17:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համաշխարհային կազմակերպությունների կողմից ստորագրվել է «Երևանյան հռչակագիրը», որով վավերացվել է Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հետագա համատեղ ծրագրերի սկիզբը։