«Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով ցուցահանդես` «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31-ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը: Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական ժառանգության օրերը» մայրաքաղաղաքում մեկնարկում են հենց «Էրեբունի» արգելոց թանգարանից` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս աջակցելու է նման նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ առաջիկայում էլ ավելի կսերտանա Երևանի ու մայրաքաղաքի քույր և գործընկեր քաղաքների միջև մշակութային երկխոսությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի խորագիրն ավարտվում է այցելուներին ուղղված «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին» կոչով:

Մեկնաբանել