Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ

2013թ. օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ, հաղորդում են ՀԽ-ի մամուլի ծառայությունից:

Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց.

1. Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը:

2. ՀԽ 4.5 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկումը:

3. Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի դիմումն՝ ուղղված ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին:

4. Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրների և կետային կառուցապատման հարցերը:

5. ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի կողմից պատրաստված հայտարարությունը՝ կապված վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում մեկ անգամ ևս քննարկվել են Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի հիմնական սկզբունքներն ու դրույթները, պարզաբանվել կառույցի նպատակները, գործառույթները, դերն ու նշանակությունը:

Նշվել է, որ նախագիծը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացվի հանրապետության ղեկավարին:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է ՀԽ հանձնաժողովներին ներկայացնել վերջին տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, ապա ամբողջացնել ՀԽ ողջ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որից հետո այն կներկայացվի հանրությանը:

Օրակարգի երրորդ հարցը՝ քաղավիացիայի վարչության պետի նամակն՝ ուղղված ՀԽ նախագահին, առնչվել է «Զվարթնոց օդանավակայանի» առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրներին, որի շրջանակներում, ըստ քաղավիացիայի վարչության, անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության պետն առաջարկել է Հանրային խորհրդին համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշման հանգելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք այսօր առկա են նշված ուղևորային համալիրի նկատմամբ հանրության և այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների շրջանում:

Նիստում որոշվել է խնդիրը նախ քննարկման դնել Հանրային խորհրդի մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներում, որից հետո հանրային լայն քննարկումներ անցկացնել:

Օրակարգի հաջորդ հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամներն անդրադարձել են Երևան քաղաքի ավտոկայանատեղերի խնդրին, քննարկել կենտրոնը բեռնաթափելու հարցը: Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրների և կետային կառուցապատման վերաբերյալ կայացվել է որոշում առաջիկայում կազմակերպել աշխատանքային խորհրդակցություն՝ հրավիրելով Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին:

Օրակարգի վերջին հարցի քննարկման ժամանակ (ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ՝ կապված վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ), հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Ելենա Վարդանյանը պարզաբանել է օրենքի շուրջ ստեղծված աղմուկն ու իրենց անհանգստությունը անհարկի շահարկումների և օրենքի նախագծի էությունը շեղելու առումով: Նա անընդունելի է համարել մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության դեմ սկսված հակաքարոզչությունն ու մի խումբ կանանց հասցեին ուղղված վիրավորական ու զրպարտչական արտահայտություններն ու գործողությունները, ինչը վարկաբեկում է երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը նպատակաուղղված նրանց երկարամյա գործունեությունը:

Քննարկվող հարցի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ, սակայն ընդգծվել է, որ օրենքը պետք է հիմնված լինի հայկական ընտանեկան արժեքների պահպանման սկզբունքի վրա, իսկ չպարզաբանված ու վիճահարույց ձևակերպումները, որոնք հանրության շրջանում անհանգստություն ու զայրույթ են առաջացրել, պետք է հստակեցվեն և ընկալելի լինեն հանրության բոլոր շերտերի կողմից: Միաժամանակ շեշտվել է, որ խնդրի վերաբերյալ առաջացած տարակարծություններն ու բանավեճերը պետք է տեղափոխվեն բացառապես քաղաքակիրթ դաշտ:

Մեկնաբանել