Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվել է նորակառույց դպրոցը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 2-ին ներկա է գտնվել Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաև քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից` հյուրերը շրջայց են կատարել նորակառույց դպրոցում, ծանոթել ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաև անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:

Փոխվարչապետը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորակառույց դպրոցում հնարավոր կլինի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա նշել է, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:

Մեկնաբանել