Գիշերային հերթական որոշումը

Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումը կարելի է գնահատել որպես խիստ կասկածելի և տարօրինակ հանգամանքներում կայացված որոշում: Սա հերթական «գիշերային որոշումն» է, որից հետո սովորաբար ամբողջ Հայաստանը կանգնում է փաստի առաջ:

Սերժ Սարգսյանն աչքի է ընկնում ծածուկ որոշումներ կայացնելու հատկությամբ: 2009թ. մի գիշերվա ընթացքում հայտարարվեց հայ-թուրքական ճանապարհային քարտեզի մասին, որից նույնիսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները տեղյակ չէին: Նույն ոճի մեջ 2013թ. սեպտեմբերի 3-ին, բոլորի համար, այդ թվում՝ իշխանության շատ ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին:

Գործող նախագահը, ըստ ամենայնի, նման որոշում կայացրել է միանձնյա կամ շատ նեղ շրջապատով: Այդ մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանավորների ավելի վաղ արած հայտարարությունները, որտեղ նրանք միանշանակ բացառում էին Մաքսային միությանը անդամագրվելու հեռանկարը և 100-տոկոսանոց համոզմունք էին հայտնում, որ Հայաստանը Վիլնյուսում անպայման կնախաստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայանգիրը և Ազատ առևտրի մասին փաստաթուղթը: Ավելին, օգոսոտսի 21-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիմնավորում էր, թե ինչու նպատակահարմար չէ անդամակցել Մաքսային միությանը: Նա բառացի ասում էր. «Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»: Հետևելով փոխարտոգրծնախարարի տրամաբանությանը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը, Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելով, ոտնահարել է Հայաստանի սուվերենությունը:

Դեռ 2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը անիմաստ է, քանի որ ընդհանուր սահմաններ գոյություն չունեն, և ավելորդ դժավրություններ են ստեղծվելու: Այս տարամաբանությունը զարգացնելով՝ նույն տարվա մայիսի 16-ին Տիգրան Սարգսյանը ռուսական «Վեդոմոստի» թերթում «Հայաստանը նայում է Եվրոպային» խորագրով հոդված էր հրապարակել:

Ստացվում է, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը քաղաքականություն է վարել Եվրոպայի հետ ինտագրման ուղղությամբ, և համապատասխան բազա է ստղծվել, սակայն ընդամենը մի քանի օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը միանձնյա փոխում է Հայաստանի ինտեգրացիոն վեկտորը, և ամբողջ կառավարությանը կանգնեցնում փաստի առաջ:

Պետական ու քաղաքական կայացած համակարգ ունենալու պարագայում այսքանից հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է հրաժարական ներկայացներ և Սերժ Սարգսյանին մեղադրեր Հայաստանի սուվերենության դեմ քայլեր կատարելու մեջ: Սակայն Հայաստանի դեպքում գործընթաց ակնկալելը առնվազն միամտություն կլինի: Այդ նույն պաշտոնյանները, որոնք քննադատում էին ռուսական ինտեգրացոն վեկտորը, ընդամենը մի քանի օր հետո նույն պաթոսով սկսելու են հիմնավորել, թե ինչքան օգտակար կառույց է Պուտինի Մաքսային միությունը: Քաղաքական արժանապատվությունը իշխանական և քաղաքական համակարգում արդեն վաղուց արժեզրկված և պահանջարկ չունեցող հասկացություն է:

Իսկ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումենրի հետևում թաքնված է իշխանությունը հնարավորինս երկար պահելու մոլուցքը: Ինչպես 2009թ. ձեռնարկելով տխրահռչակ «ֆուտբոլային դիավանագիտությունը»՝ Սերժ Սարգսյանը փորձեց ներքին կրիտիկական ցածր լեգիտիմությունը լրացնելու, ցնցումները կանխելու համար ձեռք բերել արտաքին լեգիտիմություն, այնպես էլ սեպտեմբերի 3-ին հանուն իշխանության պահպանման Պուտինի հետ անարժանապատիվ գործարք կնքեց: Իրատեսական էր, որ եվրաինտեգրացիայի կուրսի շարունակման դեպքում Մոսկվան Հայաստանի ներսում քաղաքական ցնցումներ էր առաջացնելու, որը կավարտվեր Սերժ Սարգսյանի տապալմամբ: Այդ իսկ պատճառով Մոսկվայում Սարգսյանը Հայաստանի պետական շահը զոհաբերեց հանուն սեփական իշխանության:

Մեկնաբանել