«Թվինինգի» գործողությունը Հայաստանում չի կասեցվել. ԵՄ

Եվրամիության երևանյան գրասենյակն արձագանքել է News.am-ի հրապարակմանը, թե Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը:

ԵՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն անմիջականորեն առնչվող ծրագրերը, և Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել և խորհրդակել անդամ պետությունների հետ: Մենք նաև հետումուտ ենք լինելու շարունակել հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»:

«Թվինինգը» համագործակցության գործիք է, որը ԵՄ անդամ երկրների հանրային սեկտորին հնարավորություն է տալիս մասնակցելու այլ երկրների հանրային կառավարման զարգացման գործընթացին: Այն ուղղված է շահառու երկրում հաստատության զարգացմանը և արդիականացմանը վերապատրաստման, վերակազմավորման և այդ երկրի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցման միջոցով:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի վերջին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պաշտոնապես հայտարարեցին Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ներկայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցականի տակ է:

Մեկնաբանել