10 սեպտեմբեր, 2013 18:01

Պուտինի վիճակագրությունն ու Հայաստանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ մոտ մեկ տարի առաջ համացանցում հայտնված երկխոսությունը՝ Հայաստանում և Ռուսաստանում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ, խիստ այժմեական է դարձել:

Նախ, ո՞վ է Արա Աբրահամյանը, որ իրեն իրավունք է վերապահում ռուսաստանաբնակ բոլոր հայերի անունից ռուսական արքունիքում ինչ-ինչ պուտինահաճո հայտարարություններ անել։ Որքան էլ մեծ լինի նրա ղեկավարած միությունը, միևնույն է, այն շատ փոքր է ռուսաստանաբնակ, ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ երկու միլիոն հայերի անունից խոսելու համար։ Արա Աբրահամյանը առավելագույնը Պուտինին կարող է ներկայացնել իր և իր կազմակերպության իշխանահաճո տեսակետները՝ Ռուսաստանում սեփական բիզնեսը ապահովագրելու նպատակով:

Երկրոդ խնդիրն այն է, թե որքանով է ՌԴ նախագահը իրականությանը համապատասխանող դիտարկումներ ներկայացնում և ինչով են  դրանք նվաստացնում հայերի արժանապատվությունը:

Որքան էլ ցավալի լինի արձանագրելը, պետք է փաստել, որ Հայաստանի բնակչության թվաքանակի վերաբերյալ Պուտինի դիտարկումները և արտագաղթի ակնարկը ամենևին էլ հեռու չեն իրականությունից։ Հայաստանում գրեթե ոչ ոք չի հավատում ԱՎԾ-ի ներկայացրած պաշտոնական վիճակագրական տվյալներին։ Օրինակ, ըստ ԱՎԾ-ի՝ 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում առկա է 3 միլիոնից ավելի բնակչություն:

Պուտինը ոչ թե վիրավորել է հայերին, այլ ցույց է տվել Հայաստանի ժողովրդագրության մասին իր իրազեկության մակարդակը և հրապարակային անվստահություն հայտնել ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվող թվերին: Նա ուղիղ տեքստով նվաստացնում է ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով, որ պետք չէ հավատալ նրանց ներկայացրած պաշտոնական վիճակագրությանը։ Որքան էլ հակասական հնչի, Սերժ Սարգսյանը պետք է շնորհակալություն հայտնի իր ռուս պաշտոնակցին քննադատության մեջ իրեն խնայելու համար. չէ՞ որ Պուտինը չի ասել, որ գործող իշխանությունների ապաշնորհ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանում մնացած հայերի մի ստվար հատվածն էլ գոյատևում է Ռուաստանից ստացված տրանսֆերտների հաշվին։ Չկասկածենք, որ ՌԴ նախագահը մանրամասն կարող է տիրապետել նաև այդ վիճակգրությանը:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: