Հարկային արտոնություն եվրաբոնդերին

Կառավարությունը շտապում է հարկային արտոնություններ ամրագրել արտարժութային պարտատոմսեր ձեռքբերող ոչ ռեզիդենտների համար՝ բարձրացնելու համար թողարկվելիք եվրապարտատոմսերի գրավչությունը և կանխելու կրկնակի հարկումը։ Մյուս կողմից՝ ազգային արժույթով արտահայտված պետպարտատոմսերից ստացված ոչ ռեզիդենտների եկամուտները Հայաստանում շարունակվելու են հարկվել 10%-ով։

Օգոստոսի վերջին կառավարությունը Ազգային Ժողով էր ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որը սեպտեմբերի 9-ին ընդգրկվեց ԱԺ-ի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ ջ(գործադիրն անհետաձգելի էր համարել այն)։ Մեկ օր անց, սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ն ընդունեց առաջարկվող լրացումը։

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել էր օրենսդրորեն ամրագրել, որ ոչ ռեզիդենտները Հայաստանի պետական արտարժութային պարտատոմսերի տոկոսի կամ դրանք մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների համար չեն վճարի շահութահարկ՝ 10%։

«Փոփոխությունը բխում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճին խթանելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից»,- նախագիծը հիմնավորել է գործադիրը։

Հարկային արտոնությունների տրամադրման գնացել են գրեթե բոլոր երկրները, որոնք առաջին անգամ դուրս են եկել միջազգային ֆինանսական շուկա։ Այս քայլն ավելի շատ ուղղված է բացառելու ներդրողների կրկնակի հարկումը (երբ շահույթը հարկվում է և՛ Հայաստանում, և՛ ռեզիդենտ երկրում)։

Օրենսդրական նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարել է, որ պետական արտարժութային պարտատոմսերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կատարած ներդրումների դիմաց ստացվող եկամուտը շահութահարկով հարկումը խոչընդոտելու է այդ պարտատոմսերում ներդրումներին։

Կառավարության կողմից ոչ ռեզիդենտներին հարկային արտոնությունների տրամադրումը թեև ուղղված է բացառելու կրկնակի հարկումը, փոփոխությամբ ներդրողները, այդուհանդերձ, բաժանվում են երկու խմբի։ Պարզ ասած՝ օտարերկրյա կազմակերպությունները արտարժութային պարտատոմսերից ստացված եկամուտից Հայաստանում չեն վճարելու շահութահարկ։ Տեղական կազմակերպությունների համար շահութահարկի դրույքը 20% է։

Արտարժութային պետական պարտատոմսերը համարվում են արտաքին պարտքի ձևավորման աղբյուր, և դրանց նկատմամբ հարկային արտոնությունների տրամադրումը վիճահարույց է պետական պարտքի կառավարման տեսակետից։

Բանն այն է, որ կառավարությունը պետպարտքի կառավարման արդյունավետության տեսակետից բազմիցս կարևորել է պետական պարտքում ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը։ Բայց եթե արտաքին պարտքի մասով ոչ ռեզիդենտներին տրամադրվում են արտոնություններ, ապա ազգային արժույթով արտահայտված պետական պարտատոմսերից ստացված նրանց եկամուտը շարունակվելու է Հայաստանում հարկվել 10% շահութահարկով։

Ազգային արժույթով արտահայտված պետպարտատոմսերում ոչ ռեզիդենտների համար առաջնայինը արտարժույթային ռիսկերն են, սակայն լրացուցիչ հարկային արտոնությունները որոշակիորեն կարող էին մեղմել դրանք և բարձրացնել դրամային պարտատոմսերի գրավչությունը, հատկապես, երբ դրանց եկամտաբերությունը բավական բարձր է։

Արտարժութային պարտատոմսերին լրացուցիչ գրավչություն հաղորդելու գործադրի ձգտումը հասկանալի չէ այնքանով, որքանով կառավարությունը $500 մլն-ի եվրաբոնդերը նախատեսում է տեղաբաշխել 10 տարի ժամկետով, իսկ եկամտաբերությունը գնահատվել է 5,1-6,1%, ինչը միջազգային ֆինանսական շուկայում բավական բարձր տոկոսադրույք է։

Մեկնաբանել