13 սեպտեմբեր, 2013 12:05

ԵՄ հայաստանյան գրասենյակը դատապարտում է ակտիվիստների դեմ հարձակումները

Եվրամիության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «ԵՄ պատվիրակությունն իր խոր մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական Միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը»:

ԵՄ պատվիրակությունը նաև հիշեցնում է, որ հայտարարությունը կատարվել է Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:Երևանում քաղաքացիական ակտիվիստների վրա կատարված վերջին հարձակումները քննադատող հայտարարություններով են հանդես եկել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Human Rights Watch, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»: