Գեղամ Բաղդասարյանը հիշում է 1965թ. հունիսին արցախցի մտավորականների նամակը Մոսկվա: Գրողների միությունը՝ հոսանքին հակառակ, նա համեմատում է այսօրվա Գրողների միության հետ:
1965 թ. հունիսին արցախցի 13 մտավորականներ նամակ հղեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ըստ ամենայնի ներկայացնելով պաշտոնական Բաքվի կողմից արցախահայերի նկատմամբ խտրական քաղաքականությունը և պահանջելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերամիավորել մայր Հայաստանի հետ։ Այս փաստաթուղթը, որը հայոց պատմության ոսկե էջերում մնացել է որպես «13-ի նամակ», պատրաստել էին արցախցի մտավորականները՝ ԽՍՀՄ գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ։ Մարզի ղեկավարության և անձամբ մարզկոմի առաջին քարտուղարի Գուրգեն Մելքումյանի թողտվությամբ նամակին հաջորդել է ստորագրահավաք, փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել մոտ 10 հազար արցախցիներ։
Բնականաբար, այս ամենը չէր կարող դուրս մնալ պաշտոնական Բաքվի ուշադրությունից, որի «ինտերնացիոնալ» հարայ-հրոցից հետո Մոսկվայից հանձնաժողով եկավ ու փորձեց լեզու գտնել նամակագիրների հետ (մինչ այդ Մոսկվայից նամակը ուղարկել էին ԽՄԿԿ Ադրբեջանի Կենտկոմ, բայց մեր նամակագիրները մեկ այլ նամակով պարսավեցին նման քայլը)։ Մոսկովցիների ջանքերն ապարդյուն էին՝ մեր 13 հերոսներն անսասան էին (հանուն արդարության պիտի ասել, որ նրանցից մի քանիսը որոշ ժամանակ անց տեղի տվեցին), ինչն էլ խորհրդային կուսակցական ղեկավարությանը ստիպեց վաղուց փորձարկված մեթոդներով լուծել հարցը։
Նույն թվականի դեկտեմբերին հարցը քննարկվել է կուսակցության ԼՂ մարզկոմի ընդլայնված նիստում։ Ելույթ ունեցած մոտ 30 հոգուց միայն 3-4-ը պաշտպանեցին 13-ի նախաձեռնությունը՝ պնդելով, որ ազգայնական ոչինչ չկա այդ նախաձեռնության մեջ։ Իսկ մյուսները կրակի տակ առան Ուլուբաբյանին և ընկերներին։ Հնչեցին ամենատարբեր ու բազմատեսակ մեղադրանքներ, դրանցից բաժին հասավ նաև մարզի ղեկավարությանը և անձամբ Մելքումյանին։ Հնչած մեղադրանքներից մեկն իր էությամբ ուղղակի ֆանտաստիկ էր և լավագույնս ներկայացնում է այն ժամանակվա մթնոլորտը, մտավորականություն-իշխանություն հարաբերությունները։
Ուշադրություն դարձրեք՝ ելույթ ունեցածներից մեկը մարզի ղեկավարությանը մեղադրել է Գրողների միության ազդեցության տակ ընկնելու համար։ Նա տարակուսած ու ապշած էր այն փաստից, որ մարզում ոչ մի հարց չէր լուծվում առանց Գրողների միության ու անձամբ Բագրատ Ուլուբաբյանի համաձայնության։
Երանելի ժամանակներ էին այս առումով։ Ուղղակի աննկարագրելի։
Փաստը գնահատելու համար համեմատեք այն օրերը այս օրերի հետ, ընդ որում՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում։ Սա այն դեպքն է, երբ համեմատությունը ոչ թե կաղում, այլ չորեքթաթ է տալիս։ Նայեք այսօրվա մեր մտավորականներին, այսօրվա մեր գրողական կազմակերպությանը ու … «դարդս լացեք սարի սմբուլ, ալվան-ալվան ծաղիկներ»։
Մինչդեռ սա կարևորագույն թեմա է՝ բարոյական հեղինակությունների թեման։ Չի կարող առողջ լինել մի հանրություն, որտեղ չկան բարոյական հեղինակություններ։ Իսկ որտեղ չեն լինում բարոյական հեղինակություններ, այնտեղ լինում են քրեական §ավտարիտետներ¦, այնտեղ լինում է քրեաօլիգարխիկ համակարգ։ Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։
Նորերս այս թեմային իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ միասին անդրադարձանք Սիվիլնեթի եթերում ։ Սկզբունքորեն համաձայն լինելով իմ այս դիտարկմանը, Թաթուլն, այդուհանդերձ, մեր օրերի մի դրական օրինակ բերեց։ Խոսքը Լևոն Խեչոյանի մասին է, որը հրաժարվեց կառավարական պարգևից և իշխանությունների ուշադրութունը հրավիրեց հանրությանը հոշոտող մի շարք ցավոտ խնդիրների վրա։ Ինչ խոսք, միանշանակ համաձայն եմ Թաթուլ Հակոբյանի հավելմանը, ավելին՝ սոցիալական ցանցերում արձագանքել եմ գրողի այդ վեհ ու համարձակ քայլին։
Ինքս էլ կավելացնեի նաև Լևոն Ջավախյանին, որն ուռռա-հայրենասիրական մերօրյա պոռոտախոսության մթնոլորտում քաջություն ունեցավ անկեղծորեն ու տղամարդավարի խոսելու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ գիտակցաբար իրեն դարձնելով հաստիքային հայրենասերների թիրախ։
Բայց փորձենք շարունակել ցուցակը։ Մի ձեռքի մատները հաստատ շատություն կանեն։
Մի դրական միտում, այնուամենայնիվ, կա։ Իշխանության անասելի վարկաբեկման, ընդդիմության դիմակազերծման և քաղաքական դաշտի ու քաղաքական ուժերի համապարփակ արժեզրկման պայմաններում հասարակական դաշտի մի քանի գործիչներ տարիների իրենց տքնաջան, սկզբունքային, համարձակ ու անվաճառ պահվածքով արդեն իսկ բարոյական հեղինակության լուրջ հայտ են ներկայացրել։ Իրենց ոլորտներում ու գործունեության տարածքում նման հեղինակություն հանդիսացող այդ գործիչներն այսօր իրենց ազդեցության աշխարհագրությունն ընդլայնելու խնդիր ունեն միայն, ինչը, համոզված եմ, ժամանակի խնդիր է։
Այնուամենայնիվ, մի հարց մնում է՝ իսկ ու՞ր են կորել բարոյական մեր հեղինակությունները։ Ըստ իս, այստեղ մեծ է … «լավագույն տղերքը հեռանում են» երևույթի դերը։ Քանիցս կտրվել է հայ մտավորականության գլուխը, քանիցս հայ մտավորականությունը գազոնի է վերածվել, հետո նորից ծիլ տվել-բարձրացել, նորից կտրվել, նորից գազոնի վերածվել։ Մեր մտավորականությունը հիմա գազոնի չգիտեմ որ ծնկի որ սերունդն է։ Բայց ծիլ տալու-վերև բարձրանալու տենչն անցնում է գազոնից գազոն ու սերնդեսերունդ։ Պարզապես շատ բարդ, տևական ու ցավագին ընթացք է սա։ Փրկությունը, կարծում եմ, գազոն չդառնալու մեջ է, լուսավոր գլուխները պահել-պահպանելու մեջ, իմա՝ լուսավոր ու լավագույն գլուխների հանրային պահանջարկ պիտի ձևավորվի։
Բայց վերադառնանք մեր 13-ին։ Ոմանք ստիպված եղան հեռանալ Արցախից, ոմանք մեղա եկան, ոմանք մնացին՝ գործունեություն ծավալելու նվազագույն իսկ հնարավորությունից զրկվելու գնով, ոմանք փորձեցին այլ եղանակներով շարունակել պայքարը։։
Նոր մարդիկ եկան, նոր ղեկավարներ նշանակվեցին, նոր բարքեր հաստատվեցին։ Ու եթե մինչ այդ մարզում որևէ հարց չէր լուծվում առանց Գրողների միության համաձայնության, ապա նոր իրողությունների պայմաններում գրողների միությունում որևէ հարց չէր լուծվում առանց մարզի ղեկավարության հավանության։
Եկավ մեծ գազոնի նոր ժամանակահատվածը։ Բայց տենչը մնաց, նոր ծիլեր հայտնվեցին։ Ապա նոր ծիլեր կտրվեցին։ Բայց այս անգամ մեր սեփական՝ հայկական մկրատով։
Ու այսպես շարունակվում է մեր հարատև հայկական ընթացքը։
Գեղամ Բաղդասարյան